ԱՄՆ պետդեպարտամենտը Արաբական Միացյալ Էմիրություններին MRAP դասի զրահամեքենաներ վաճառելու թույլտվություն է տվել, որով ամերիկյան զինված ուժերի պահեստի զրահամեքենաների մի մասը կտրամադրվի արաբական պետությանը: Ընդ որում՝ մեքենաների գնելու նախաձեռնությունը հենց արաբական կողմինն է, հայտնում է Army Recognition կայքը:
Թույլտվության համաձայն՝ Էմիրությունները կարող են ստանալ ոչ միայն ամերիկյան MRAP դասի մեքենաներ, այլև դրանց համար նախատեսված պահեստամասեր, սպասարկման սարքավորումներ, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությունը մեքենաների անձնակազմերի ուսուցման մեջ:
Տարբեր մակնիշի ու նշանակության 4569 միավոր MRAP դասի մեքենաների համար Արաբական Միացյալ Էմիրությունները ամերիկյան կողմին վճարելու է շուրջ 2,5 մլրդ ամերիկյան դոլար (միջինը մոտ 550 հազար դոլար մեկ միավորի համար):
Նշենք, որ Էմիրություններում զրահապատ մեքենաներն օգտագործելու են պետական կարևոր օբյեկտների ու ենթակառուցվածքների, միջազգային առևտրային ճանապարհների պաշտպանությունում, ինչպես նաև արտասահմանյան խաղաղապահ գործողությունների ժամանակ:
Ավելացնենք, որ մինչև 2014-ի ավարտը Աֆղանստանից զորքերի հիմնական մասը դուրս բերելու հետ կապված՝ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար միավոր MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով:
Այս պայմաններում ԱՄՆ ոչ միայն պատրաստ է «թեթևացնել» մեքենաների պարկը՝ պահեստում ունեցածները վաճառելով, այլև Աֆղանստանում «կռվածները» դաշնակից երկրներին տրամադրելով անվարձահատույց: Ընդ որում՝ օգտագործված մեքենաները տրամադրում են առանց նորոգման, իսկ դաշնակիցներն իրենք պիտի հոգան մեքենաները Աֆղանստանից տեղափոխելու ծախսերը: Նման ձևով ամերիկացիներն իրենց զրահամեքենաների մի մասն արդեն նվիրել են Հունաստանին ու Խորվաթիային, զրահամեքենաներ նվիրելու ևս մեկ գործարք առաջիկայում նախատեսվում է իրականացնել Պակիստանի հետ: