Պակիստանը կարող է ամերիկյան զրահամեքենաներ ստանալ

ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA) երկրի զինված ուժերին պաշտոնապես թույլատրել է Պակիստանին վաճառել 160 միավոր MRAP դասի զրահամեքենաներ, ինչի մասին խնդրել էր Պակիստանի կառավարությունը, հայտնում է գործակալության կայքը:

ԱՄՆ զինված ուժերի MRAP դասի զրահամեքենաները Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայում

ԱՄՆ զինված ուժերի MRAP դասի զրահամեքենաները Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայում

Պակիստանի ղեկավարությունը խնդրել էր շուրջ 198 մլն ամերիկյան դոլարի դիմաց ԱՄՆ զինված ուժերի հաշվեկշռից հանել ու պակիստանյան զինված ուժերին հանձնել 160 միավոր MRAP դասի MaxxPro զրահամեքենաներ: Նախատեսված է, որ մեքենաների մեծ մասը կլինեն բազային կահավորմամբ զրահամեքենաներ, սակայն կլինեն նաև շտապօգնության ու նորոգման մեքենաներ:

Մեքենաներից բացի, պատվիրատուն մտադիր է ստանալ նաև մեքենաների համար նախատեսված սարքավորումներ, հավելյալ պահեստամասեր, ուսուցողական նյութեր, ինչպես նաև մեքենաների անձնակազմերի պատրաստման առանձին դասընթացներ:

Որպես հնարավոր գործարքի հիմնավորում՝ ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը նշել է այն հանգամանքները, որ Պակիստանում այս զրահամեքենաները կօգտագործվեն ահաբեկիչների դեմ պայքարի համար, ինչպես նաև հնարավոր կլինի ամերիկյան ստորաբաժանումների հետ ներդաշնակումը: Գործակալությունը նշել է նաև, որ հնարավոր գործարքը չի ազդի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա:

Ավելացնենք, որ մինչև 2014-ի ավարտը Աֆղանստանից զորքերի հիմնական մասը դուրս բերելու հետ կապված՝ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը  պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար միավոր MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով: Իսկ քանի որ տեխնիկայի տեղափոխումը Աֆղանստանից ԱՄՆ, ինչպես նաև դրանց հետագա նորոգումը շատ թանկ է արժենում զինված ուժերի վրա (ամեն միավոր մեքենայի ծախսը գնահատվում է 250-300 հազար ԱՄՆ դոլար), ամերիկյան կողմը որոշել է դրանք ցածր գնով վաճառել կամ նվիրել այլ երկրների, ընդ որում նման գործարքների դեպքում ընդունող երկիրը պիտի ինքը հոգա զրահամեքենաների տեղափոխման ծախսերը։

Հավելենք, որ Միացյալ Նահանգները «աֆղանական» զրահամեքենաների մի մասն արդեն տրամադրել է Խորվաթիային ու Հունաստանին։ Այսպես, 2014-ի հուլիսին, խորվաթական կողմին փոխանցելով վերջին 162 միավոր զրահամեքենաները, ավարտվել է 212 զրահափոխադրիչների անվարձահատույց տրամադրումը։: ԱՄՆ-ն տրամադրել է դրանք առանց նորոգման: Խորվաթական կողմը, նախքան մեքենաները զինված ուժերին հանձնելը, կնորոգի դրանք:  Նման գործարք ԱՄՆ-ի հետ արդեն իրականացրել է նաև Հունաստանը։ Պայմանագրով Հունաստանը որպես «նվեր» ստացել է M113A2 սերիայի մի քանի տեսակի 460 միավոր զրահամեքենաներ, որոնց տեղափոխման համար վճարել է 5.5 մլն ամերիկյան դոլար։

MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաները, որոնց դասին է պատկանում նաև Պակիստանին վաճառվելիք MaxxPro-ն, հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։

Այս դասի զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։ Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *