Միացյալ Նահանգները կարող է 4500 միավոր զրահամեքենաներ վաճառել ԱՄԷ-ին

ԱՄՆ պետդեպարտամենտը Արաբական Միացյալ Էմիրություններին MRAP դասի զրահամեքենաներ վաճառելու թույլտվություն է տվել, որով ամերիկյան զինված ուժերի պահեստի զրահամեքենաների մի մասը կտրամադրվի արաբական պետությանը: Ընդ որում՝ մեքենաների գնելու նախաձեռնությունը հենց արաբական կողմինն է, հայտնում է Army Recognition կայքը:

ԱՄՆ ԶՈւ Navistar MaxxPro Dash (ձախից), Oshkosh M-ATV (աջից) MRAP տեսակի զրահամեքենաները Աֆղանստանում

ԱՄՆ ԶՈւ Navistar MaxxPro Dash (ձախից), Oshkosh M-ATV (աջից) MRAP տեսակի զրահամեքենաները Աֆղանստանում

Թույլտվության համաձայն՝ Էմիրությունները կարող են ստանալ ոչ միայն ամերիկյան MRAP դասի մեքենաներ, այլև դրանց համար նախատեսված պահեստամասեր, սպասարկման սարքավորումներ, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությունը մեքենաների անձնակազմերի ուսուցման մեջ:

Տարբեր մակնիշի ու նշանակության 4569 միավոր MRAP դասի մեքենաների համար Արաբական Միացյալ Էմիրությունները ամերիկյան կողմին վճարելու է շուրջ 2,5 մլրդ ամերիկյան դոլար (միջինը մոտ 550 հազար դոլար մեկ միավորի համար):

Նշենք, որ Էմիրություններում զրահապատ մեքենաներն օգտագործելու են պետական կարևոր օբյեկտների ու ենթակառուցվածքների, միջազգային առևտրային ճանապարհների պաշտպանությունում, ինչպես նաև արտասահմանյան խաղաղապահ գործողությունների ժամանակ:

Ավելացնենք, որ մինչև 2014-ի ավարտը Աֆղանստանից զորքերի հիմնական մասը դուրս բերելու հետ կապված՝ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը  պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար միավոր MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով:

Այս պայմաններում ԱՄՆ ոչ միայն պատրաստ է «թեթևացնել» մեքենաների պարկը՝ պահեստում ունեցածները վաճառելով, այլև Աֆղանստանում «կռվածները» դաշնակից երկրներին տրամադրելով անվարձահատույց: Ընդ որում՝ օգտագործված մեքենաները տրամադրում են առանց նորոգման, իսկ դաշնակիցներն իրենք պիտի հոգան մեքենաները Աֆղանստանից տեղափոխելու ծախսերը: Նման ձևով ամերիկացիներն իրենց զրահամեքենաների մի մասն արդեն նվիրել են Հունաստանին ու Խորվաթիային, զրահամեքենաներ նվիրելու ևս մեկ գործարք առաջիկայում նախատեսվում է իրականացնել Պակիստանի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *