ԱՄՆ-ն սպառազինությունից հանում է 7000-ից ավելի զրահամեքենաներ

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը դուրս է գրելու երկրի սպառազինության շուրջ 16 հազար MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը։ Զրահամեքենաներից սպառազինությունում կմնա ընդամենը 8585 միավորը։

Ընդհանուր առմամբ, զինված ուժերից դուրս կգրվի 7456 զրահամեքենա։ ԱՄՆ զինուժն արդեն սկսել է Աֆղանստանում շուրջ 11 հազար MRAP զրահամեքենաների դուրսգրման գործընթացը։ Պատճառներից մեկն այն է, որ MRAP-ների տեղափոխումը Աֆղանստանից ԱՄՆ, ինչպես նաև դրանց հետագա նորոգումը շատ թանկ է նստում զինված ուժերի վրա, ամեն միավոր մեքենայի ծախսը գնահատվում է 250-300 հազար ԱՄՆ դոլար։

ԱՄՆ ԶՈւ Navistar MaxxPro Dash (ձախից), Oshkosh M-ATV (աջից) MRAP տեսակի զրահամեքենաները Աֆղանստանում

Հենց այս ծախսերով պայմանավորված՝ ԱՄՆ զինված ուժերը նախորդ տարի Աֆղանական պատերազմին մասնակցած շուրջ 4000 մեքենա հանել է աճուրդային վաճառքի, ընդ որում վաճառքի նախապայմաններից մեկն այն է, որ գնող երկիրն ինքն է պարտավորվելու տեղափոխել մեքենաները։ Սակայն մինչև հիմա զրահամեքենաները գնելու որևէ գործարք չի կնքվել։

Միաժամանակ Աֆղանստանում մեքենաների մյուս մասը, որը վաճառքի չի հանվել, ոչնչացնում են ամերիկացի զինվորականները ու ոչնչացված տեխնիկան հանձնում որպես մետաղաջարդոն։ Ու անգամ ամեն մեքենայի ոչնչացումը զինված ուժերին արժենում է  մոտ 12 հազար ԱՄՆ դոլար։

ԱՄՆ-ի զրահամեքենաների արագացված դուրսբերման պատճառներից է այն, որ ներկա դրությամբ Աֆղանստանում ծառայություն անցնող շուրջ 60 հազար ԱՄՆ զինծառայողների գերակշիռ մասը պետք է լքի երկիրը մինչև 2014-ի ավարտը։ Նախնական տվյալներով՝ ակնկալվում է Աֆղանստանում թողնել 10 հազար զինծառայող։

Սպառազինության մեջ մնացող 8585 զրահամեքենաներն իրենց հերթին պիտի վերանորոգվեն ու արդիականացվեն, ինչի վրա ԱՄՆ ԶՈւ-ն կծախսի ևս 1,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախատեսված է, որ մեքենաների վրա աշխատանքը կավարտվի 2014-2016 թվականններին, թեև գործարքը կարող է ձգձվել։ Մեքենաների մի մասի նորոգման ու արդիականացման աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ի Ռեդ Ռիվեր նորոգման բազայում ու Իտալիայի Լիվորնո քաղաքում։

Սպառազինության մեջ մնացող 8585 մեքենաներից էլ ընդամենը 2476-ն են մնալու մարտական ծառայություն իրականացնող զորամասերում, մնացած մեքենաներից 1073-ը տրվելու են ուսումնական զորամասերին, իսկ 5036-ը պահեստավորվելու են ԱՄՆ արտասահմանյան բազաներում։

ԱՄՆ ԶՈւ սպառազինության մեջ կմնան միայն երեք տեսակի MRAP զրահամեքենաներ՝ Oshkosh M-ATV (Օշքոշ), Navistar MaxxPro Dash (Նավիսթար ՄաքսՊրո Դեշ) ու MaxxPro-ի (ՄաքսՊրո) բժշկական տարբերակը, որոնք երեքն էլ ամերիկյան արտադրության են։

Նշենք, որ 2006-ից սկսած՝ ԱՄՆ զինված ուժերը ձեռք է բերել շուրջ 25 հազար MRAP զրահամեքենա։

MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաները հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։

Այս դասի զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։ Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը: