Ադրբեջանը ստացել է «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ

2014-ի սեպտեմբերի 11-13-ը Բաքվում կայացած ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանը ստացել է «Բուկ-ՄԲ» միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրի երկրորդ դիվիզիոնը։

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը Բաքվի զորահանդեսին

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը Բաքվի զորահանդեսին

Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական վերլուծական կայքը՝ հղում անելով ցուցահանդեսում իր ռազմական ու դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի ստացած դիվիզիոններից յուրաքանչյուրը բաղկացած է 6 միավոր 9Ա310 ՄԲ ինքնալիցքավորվող արձակման կայաններից, 3 միավոր 9Ա39 ՄԲ լիցքավորող մեքենաներից, 9Մ38Մ1 և 9Մ317 մակերևույթ-օդ հրթիռներից, 80Կ6Մ ռադարից, 9Ս470 ՄԲ հրամանատարաշտաբային մեքենայից և նյութատեխնիկական ապահովման սարքավորումներից։

Հիշեցնենք, որ «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը ցուցադրվել էր 2013-ի հունիսի 26-ին Բաքվի ռազմաշքերթում և ադրբեջանական կողմի վկայությամբ՝ ձեռք է բերվել Բելառուսից։ Այս համալիրի գնման մասին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում խոսք չկա, սակայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIRPI) տվյալներով՝ Ադրբեջանը համալիրի մեկ դիվիզիոն է ստացել 2013-ին։

Բացի այդ, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն օգոստոսի 13-ին սկսել էին զորավարժություններ, որոնց ընթացքում կիրառել են «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ։

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրի բելառուսական տարբերակը ներկայացվել է հանրությանը 2005-ին Մինսկում։ Համալիրը թույլ է տալիս օդային թիրախները խոցել անհամեմատ մեծ բարձրություններում, քան դյուրակիր զենիթահրթիռային համալիրները: «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, կախված մոդիֆիկացիայից, օդային թիրախները կարող է խոցել 14-ից 18 կմ բարձրության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *