F-35B կործանիչի ընդունումն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի սպառազինություն հետաձգվում է

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի համալրումը հինգերորդ սերնդի F-35B կործանիչներով, կարող է հայտնվել հետաձգման վտանգի տակ, եթե մինչև 2014-ի սեպտեմբերի վերջը հետաքննությունն իրականացնող մարմինը չտա հստակ եզրակացություն՝ ինչն է եղել կործանիչի բռնկման պատճառը նույն տարվա հունիսի 23-ին։ Ինչպես տեղեկացնում է Flightglobal ավիացիոն լրատվակայքը, այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է Պենտագոնում F-35-ի նախագծի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Քրիսթըֆեր Բոգդանը։

F-35B կործանիչ

F-35B կործանիչ

Վերջինս նշել է, որ կործանիչներն ակտիվ փորձարկման փուլում էին, երբ հունիսյան վթարի հետևանքով արգելվեց, այնուհետև սահմանափակվեց դրանց թռիչքները։

Շուրջ 100 ինքնաթիռ ինտենսիվ ժամանակացույցով կատարում էին թռիչքներ՝ հնարավորինս ենթարկվելով ծանրաբեռնվածության։ Դրանց հաջորդում էին 3-ից 6 ժամանոց զննումները՝ վերհանելու համար հնարավոր այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ թռիչքների ընթացքում։ Սակայն ավելի քան 2 ամիս տևող սահմանափակումները էականորեն խանգարում են փորձարկումների ժամանակացույցի կատարմանը, ինչի պատճառով էլ F-35B-ի ընդունումը ծովային հետևակի կորպուսի սպառազինություն կարող է հետաձգվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2014-ի հուլիսին, կործանիչի վրա հրդեհի բռնկման պատճառը հետաքննող հանձնաժողովի ներկայացրած նախնական վարկածով, խնդիրը F-135 շարժիչի հովացման համակարգի թիակներից մեկի հարումն է։ Սակայն դեռևս հայտնի չէ՝ դա միանվագ թերություն է, թե նմանատիպ իրավիճակում կարող են հայտնվել նաև մյուս ինքնաթիռները։

Նշենք, որ F-35 կործանիչի՝ ռազմաօդային ուժերի համար նախատեսված «A» մոդիֆիկացիայի շուրջ 100 օրինակ արդեն իսկ համալրել է ամերիկյան օդուժի սպառազինությունը։

Հավելենք նաև, որ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը նախատեսում է արտադրել 5-րդ սերնդի F-35 կործանիչի տարբեր մոդիֆիկացիաների շուրջ 3 000 ինքնաթիռ, որոնցից ավելի քան 2 400-ի պատվիրատուն Պենտագոնն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *