Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 6 զոհի և 15 վիրավորի մասին։

Եթե համեմատենք 2014-ի հուլիս ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն չի փոխվել։

2014-ի հուլիսի 6 զոհերի հետ կապված միջադեպերից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է միայն 4-ը: Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացված տեղեկություններին՝ 6 զոհերից 1-ը մարտական է՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի արձակած գնդակից»: Խոսքը 2014-ի հուլիսի 31-ին հայտնի դարձած միջադեպի մասին է, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պնդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ահմեդով Գարյաղդը Էլդար օղլուն սպանվել է Ակնայի (Աղդամի) ուղղությամբ առաջնագծի հատվածում։

5 ոչ մարտական կորուստներից 2-ի պատճառը դժբախտ պատահարն է։ Ընդ որում՝ մեկը պետական սահմանապահ ծառայության զինծառայող է, էլեկտրահարվել է, իսկ մյուս դեպքի հանգամանքները կասկածելի են. Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Վյուսալ Արիֆ օղլու Ղուրբանովը, պաշտոնական վարկածով, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մանրամասնում՝ ինչ դժբախտ պատահարի մասին է խոսքը։

Ոչ մարտական կորուստներից մնացյալ 2-ը ավտովթարի զոհ են, 1-ն էլ կրակել է ինքն իրեն։

Ինչ վերաբերում է 2014-ի հուլիսին հայտնի դարձած վիրավորներին, ապա դրանց թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 46.7 տոկոսով։ 15 տուժածներից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 9-ի միջադեպերը։ Դրանցից 4-ը, ըստ ադրբեջանական վարկածի, մարտական պայմաններում է՝ «հայկական գնդակից»։ Մնացյալ վիրավորման 11 միջադեպերից 5-ն արձանագրվել է ավտոթարի, 3-ը՝ զորավարժության ժամանակ գրանցված դժբախտ պատահարի , 1-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ինքն իրեն կրակելու հետևանքով, իսկ 1-ը՝ դանակահարության պատճառով:

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի հունիսի ընթացքում. հայտարարվել էր 9 զոհի և 17 վիրավորի մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով հուլիսին հայտարարված 6 զոհերն ու 15 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգի կառույցներն ընդհանուր առմամբ հաղորդել են 50 զոհի և 91 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 50 զոհերից 14-ը մարտական կորուստ են։

Նշենք, որ «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների ադրբեջանական կենտրոնի, որն ամեն ամիս ներկայացնում է ադրբեջանական զինուժի կորուստների սեփական մշտադիտարկումը, հուլիսի 31-ին հրապարակած տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինուժը տարվա սկզբից մինչ օրս ունի 50 զոհ, 98 վիրավոր։ 

Հայաստանի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը՝ այստեղ

2 responses to “Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *