ՌԴ-ն ցուցադրել է Իրաքի համար նախատեսված Մի-28ՆԷ ուղղաթիռները

2014-ի հուլիսի 1-ին ՌԴ Դոնի Ռոստովի շրջանում կայացած «Ռոսվերտոլ» գործարանի 75-ամյակին նվիրված ավիացուցադրության ժամանակ առաջին անգամ նկատվել են 2 միավոր Մի-28ՆԷ մարտական ուղղաթիռները, որոնք նախատեսված են Իրաքի համար՝ չնայած որ դրանց պատվիրատուի անունը պաշտոնապես չի հրապարակվել։

Մի-28ՆԷ՝ նախատեսված Իրաքի համար

Մի-28ՆԷ՝ նախատեսված Իրաքի համար

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, ուղղաթիռները կրում են երկտոն դեղնավուն կոմուֆլյաժային գունավորում, չունեն տարբերակիչ նշաններ, չեն կրում Ն025Է ՌՏԿ։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել «Ռոստվերտոլի» 2013-ի հաշվետվությունից, ընկերությունն Իրաքին փոխանցել է պատվիրած 28 միավոր Մի-35Մ և 15 միավոր Մի-28ՆԷ ուղղաթիռներ՝ համաձայն 2012-2013 թթ. «Ռոսօբորոնէքսպորտի» հետ կնքած պայմանագրի։ Իրաքն այդպիսով դարձավ Մի-28 ուղղաթիռների առաջին արտերկրյա պատվիրատուն։ Ընդ որում, առաջին 4 միավոր Մի-35Մ ուղղաթիռներն Իրաքը ստացել էր 2013-ի նոյեմբերին։ 2014-ին Իրաքի օդուժը կիրառել էր ստացած Մի-35Մ-երը իսլամիստական խմբավորումների դեմ պայքարում՝ կորցնելով դրանցից առնվազն 1 միավորը։ 2014-ի հուլիսի 1-ին շրջանառվող լուրերի համաձայն՝ Իրաքը ստացել է ՌԴ-ից ևս 4 միավոր Մի-35Մ և 3 միավոր Մի-28ՆԷ, սակայն պաշտոնական հաստատում լուրը չստացավ։ Ռուսաստանյան ռազմական BMPD բլոգի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ իրականում Դոնի Ռոստովում ցուցադրված 2 Մի-28ՆԷ ուղղաթիռներն առաջիններն են, որ Իրաքը պետք է ստանա ՌԴ-ից։

Նկատենք, որ Մի-28ՆԷ ուղղաթիռների վաճառքն իրաքյան կողմին մաս է կազմում 2012 թվականին Մոսկվայի և Բաղդադի միջև կնքված պայմանագրի, որով նախատեսվում է 4.3 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից:

Մի-28ՆԷ-ն Մի-28Ն (Նոչնոյ Օխոտնիկ) ուղղաթիռի արտահանման տարբերակն է:  Մի-28Ն ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին:

Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Թռիչքային զանգվածը 10,9 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 12,1 տոննա։ Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3600մ:

Մի-35Մ ուղղաթիռը  Մի-24 ուղղաթիռի արդիականացումներից մեկն է։ 35Մ ինդեքսն իրականում տրվել է գովազդային նպատակներով. ուղղաթիռի «ոչ գովազդային» ինդեքսը 24ՎՄ է։

Ուղղաթիռներն ունեն գիշերային հսկման համակարգ, RTV-445MGH մոդելի ջերմացույց համակարգ, որը թույլ է տալիս ավելի քան 4 կմ հեռավորության վրա թիրախների հայտնաբերել, բացի այդ, Մի-35Մ-երն օժտված են GPS115L GARMIN արբանյակային նավիգացիոն համակարգով։

Ուղղաթիռի սպառազինությունն են կազմում հակատանկային կառավարվող 8 Շտուրմ-Վ հրթիռները, չկառավարվող 80 մմ տրամաչափի C-8 և 240 մմ տրամաչափի C-24 հրթիռները, 12.7 տրամաչափի 9-А-629 գնդացիրը, 7.62 տրամաչափի 2 հատ 9-А-622 գնդացիրը, 30 մմ տրամաչափի  9-А-800 նռնականետը, 50-500 կգ զանգվածով ռումբեր։

Մի-35Մ ուղղաթիռները շահագործող երկրներից է Ադրբեջանը։ Ընդ որում, «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ավարտել է Ադրբեջանին նոր դրանց տրամադրման գործընթացը։ Վերջին խմբաքանակը պատվիրատուին փոխանցել են հունվարի 21-ին Բաքվի օդանավակայանում։

One response to “ՌԴ-ն ցուցադրել է Իրաքի համար նախատեսված Մի-28ՆԷ ուղղաթիռները

  1. Pingback: [Լրացված] Իրաքի պատվիրակները կայցելեն ՌԴ՝ երկկողմ պաշտպանական համագործակցությունը քննարկելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *