[Լրացված] Իրաքի պատվիրակները կայցելեն ՌԴ՝ երկկողմ պաշտպանական համագործակցությունը քննարկելու

Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակները նոյեմբերին այցելելու են Ռուսաստան՝ քննարկելու հակաահաբեկչական պայքարում ՌԴ-ի՝ Իրաքին տրամադրելիք օգնության հարցերը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

Այս մասին հայտնում է ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի խորհրդարանի հանձնաժողովի քարտուղար Հոշյար Աբդուլլահին և հավելում, որ քննարկումների օրակագրում լինելու են նաև Իրաքի զինծառայողների վերապատրաստման և Բաղդադի հակաահաբեկչական պայքարի տեղեկատվական կենտրոնի գործունեության խնդիրները:

Մինչ այդ՝ հոկտեմբերին, Իրաքի խորհրդարանը քննարկելու է ԻՊ դեմ պայքարում ավիահարվածներով օգնելու համար Ռուսաստանին դիմելու խնդիրը: Այս մասին Sputnik-ին հայտնել է Իրաքի խորհրդարանի իշխող կոալիցիայի մեջ մտնող «Օրենքի պետություն» կուսակցության պատգամավոր Մովաֆակ ար-Ռուբային:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնով

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնով

Իրաքի կողմից օգնության խնդրանքի դեպքում, ըստ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի, Ռուսաստանը պատրաստ է քննարկել այդ հնարավորությունը:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների դիրքերին, և Իրաքի նմանատիպ խնդրանքի դեպքում Ռուսաստանը հնարավորություն կունենա արդեն երկու ճակատով կռվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ավելացնենք, որ նախորդ տարի՝ 2014-ի ամռանը ԻՊ (այն ժամանակ՝ ԻԼԻՊ) զինյալների առաջխաղացման ժամանակ, Իրաքը դիմել էր Ռուսաստանին` արագացված ժամկետներում սպառազինություն մատակարարելու համար: Ռուսաստանը բավարարել էր խնդրանքը:

Մասնավորապես՝ 2014-ի հունիսի երկրորդ կեսին Իրաքը արագացված կարգով Սու-25 գրոհիչներ է գնել Ռուսաստանից: Դրանք անմիջապես մատակարարվել են Իրաքի զինված ուժերին, իսկ այդ մասին պատմող տեսանյութը դրվել էր համացանցում:

Նույն թվականի հուլիսին Իրաքը Ռուսաստանի հետ նաև 1 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ սպառազինության գնման պայմանագիր է կնքել, որով Մոսկվան պարտավորվել է իրաքյան զինված ուժերին մատակարարել ինչպես ՏՕՍ-1Ա հրանետներ, այնպես էլ հրետանային մի շարք զինատեսակներ:

Ռուսաստանի՝ Իրաքին մատակարարված ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ

Ռուսաստանի՝ Իրաքին մատակարարված ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ

2014-ի օգոստոսի 30-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՌԴ-ից մի շարք ուղղաթիռների ստացման լուրը, իսկ դրանից օրեր առաջ՝ օգոստոսի 26-ին, ռուսաստանյան «Ռուսվերտոլ» ընկերության ավիակայանում, որը Դոնի Ռոստովում է, լուսանկարել են Իրաք ուղևորվելուն պատրաստ 3 միավոր Մի-28ՆԷ մարտական ուղղաթիռներ:

2014-ին Ռուսաստանի՝ Իրաքին փոխանցած Մի-28ՆԷ ուղղաթիռը

2014-ին Ռուսաստանի՝ Իրաքին փոխանցած Մի-28ՆԷ ուղղաթիռը

2015-ի մայիսին էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարկը եղածի չափ զենք տրամադրել Իրաքին, և հավելել, որ Ռուսաստանն Իրաքին, ինչպես նաև Սիրիային ու Եգիպտոսին,  զենք է տրամադրում առանց որևէ նախապայմանների՝ հաշվի առնելով, որ այս պետությունները լուրջ պայքարի մեջ են ահաբեկիչների դեմ:

[Լրացում]

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում հայտարարել է, որ իրենք չեն նախատեսում ընդլայնել իրենց օդատիեզերական ուժերի գործողությունների աշխարհագրությունն ու ԻՊ-ի դեմ կռվել նաև Իրաքի սահմաններում։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալությունը:

Պուտինը մասնավորապես նշել է. «Իհարկե, նման ծրագրեր չկան և չեն էլ կարող լինել, քանի որ մենք չունենք իրաքյան կառավարության խնդրանքը»։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ այնուամենայնիվ Ռուսաստանն արդեն իր ներդրում ունի Իրաքի՝ ահաբեկիչների դեմ պայքարում և հավելել, որ իրենք իրաքյան կառավարական բանակին աջակցում են ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև մասնակցում են Բաղդադում ստեղծված տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին, որտեղ Սիրիայի և Իրաքի հետ իրականացվում են տեղեկատվության փոխանակում և ահաբեկիչների, այդ թվում՝ ԻՊ զինյալների դեմ պայքարի ուղղությունների մշակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *