Ադրբեջանի ՊՆ-ից  դժգոհ են բուժման կարիք ունեցող զինծառայողներին անտեսելու համար

Ադրբեջանում կրկին գլուխ են բարձրացրել պաշտպանության նախարարությանն ուղղված դժգոհություններն առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինծառայողներին անտեսելու համար։ 

Մայիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում բուժվող, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական նվագախմբի անդամ, պայմանագրային զինծառայող Էթիբար Աբդուլքերիմ օղլու Ալիևը (ծնված 1965-ին) մահացել էր հիվանդության պատճառով։ Ադրբեջանական «Զերկալո» պարբերականի հետ զրույցում մահացածի դուստրը՝ Նուշաբա Ալիևան, հավաստիացրել է՝ հոր մահվան պատճառը ցածրորակ բուժումն էր, նա մի քանի օր կոմայի մեջ է եղել, հիվանդ է եղել արյան քաղցկեղով։

Բացի այդ, դեռևս մայիսի 16-ից ոմն Իրինա Գաջիևան հայտարարություն է տարածել սոցցանցային էջերում՝ կոչ անելով գումարային օգնություն ցույց տալ 2013-ից Ադրբեջանի զինված ուժերում ծառայող իր եղբորը, քանի որ ծառայության անցնելուց 7 ամիս անց նրա մոտ արյան քաղցկեղ են ախտորոշել։ Բժիշկները վկայել են, որ զինծառայողի կյանքը հնարավոր է փրկել միայն Թուրքիա բուժման ուղարկելու դեպքում, ինչի համար էլ անհրաժեշտ է մոտ 190 հազար ԱՄՆ դոլար գումար. նման հնարավորություն զինծառայողի ընտանիքը չունի։

Ադրբեջանի ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության կենտրոնի տնօրեն Ալեքփեր Մամեդովի մեկնաբանության համաձայն՝ Ադրբեջանի ՊՆ-ն պարտավոր է ստանձնել զինծառայողի բուժման և հետագա ապաքինման ծախսերը, սակայն փոխարենը լիակատար անտարբերություն է ցուցաբերում։

Ռազմական հարցերի գծով իրավաբան Թելման Աբիլովն էլ իր հերթին խորհուրդ է տվել Գաջիևային դատական հայց ներկայացնել ՊՆ-ի դեմ, որն ըստ օրենքի պարտավոր է հատկացնել բուժման համար պահանջվող գումարը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) 2014-ի փետրվարին հանդես էր եկել 2013-ի ամփոփիչ զեկույցով՝ շեշտելով, որ անհանգստություն է հարուցում այն հանգամանքը, որ զինծառայողների ծնողները բազմիցս բողոքել են ՄԻՊ գրասենյակին՝ ծառայություն անցնող իրենց որդիները առողջական լուրջ խնդիրներ ունեն, իսկ հրամանատարության կողմից այս հանգամանքն անտեսվում է:

Ընդ որում, ՄԻՊ գրասենյակը հաղորդում է, որ սեփական հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզել է՝ Ադրբեջանի զինուժում կան ֆիզիկական և հոգեբանական խնդիրներով անձինք, ովքեր օրենքով պետք է ազատված լինեին զինծառայությունից:

Հավելենք, որ 2013-ին Ադրբեջանքի Կտտանքների դեմ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի համաձայն՝ նույն տարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկել է առնվազն 5 զինծառայողների մահվան իրական պատճառները, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացածներին ներկայացրել որպես ինքնասպանություն գործած կամ հիվանդության պատճառով մահացած զինծառայողների, և հարկ եղած դեպքում հետաքննություն չի անցկացվել:

Նկատենք նաև, որ 2013-ի հունիսին Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության պետ Արզու Ռահիմովը հայտարարել էր. «Ներկայումս ոչ մի դեպք չի գրանցվել ու ոչ մի փաստ չկա, որ զորակոչվում են այս կամ այն հիվանդությունն ունեցող երիտասարդներ»: Ադրբեջանական մամուլը, սակայն, վերհանել էր թոքերի ծանր հիվանդությամբ, տասներկումատնյա աղիքի խոց և ողնաշարի ծռում ունեցող, տուբերկուլյոզով հիվանդ երիտասարդների զորակոչման դեպքեր:

Մեր ունեցած փաստերը միայն ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանած և ՄԻՊի- հիշատակած դեպքերն են։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի դեպքերն Ադրբեջանում շատ ավելի են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *