Ադրբեջանի զինուժում լուրջ առողջական խնդիրներով զինծառայողներ կան. Ադրբեջանի ՄԻՊ

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) հանդես է եկել 2013-ի ամփոփիչ զեկույցով՝ շեշտելով, որ Ադրբեջանի զինուժում զինդատախազության կողմից գրանցած ռազմական հանցանքների շարքում 14.8 տոկոսը բաժին է ընկնում Քրեական օրենսգրքի 331 հոդվածի խախտումներին, այսինքն՝ զինծառայողների նկատմամբ բռնություն, ծեծ, իսկ 34.4 տոկոսը՝ 332 հոդվածին՝ զինծառայողների միջև կանոնադրական հարաբերությունների կանոնների խախտում:

Զեկույցում նաև ընդգծված է՝ անհանգստություն է հարուցում այն հանգամանքը, որ զինծառայողների ծնողները բազմիցս բողոքել են ՄԻՊ գրասենյակին, որ ծառայություն անցնող իրենց որդիները առողջական լուրջ խնդիրներ ունեն, իսկ հրամանատարության կողմից այս հանգամանքն անտեսվում է:

Ընդ որում, ՄԻՊ գրասենյակը հաղորդում է, որ սեփական հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզել է՝ Ադրբեջանի զինուժում կան ֆիզիկական և հոգեբանական խնդիրներով անձինք, ովքեր օրենքով պետք է ազատված լինեին զինծառայությունից:

Հավելենք, որ 2013-ին Ադրբեջանքի Կտտանքների դեմ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի համաձայն՝ նույն տարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկել է առնվազն 5 զինծառայողների մահվան իրական պատճառները, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացածներին ներկայացրել որպես ինքնասպանություն գործած կամ հիվանդության պատճառով մահացած զինծառայողների, և հարկ եղած դեպքում հետաքննություն չի անցկացվել:

Նկատենք նաև, որ 2013-ի հունիսին Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության պետ Արզու Ռահիմովը հայտարարել էր. «Ներկայումս ոչ մի դեպք չի գրանցվել ու ոչ մի փաստ չկա, որ զորակոչվում են այս կամ այն հիվանդությունն ունեցող երիտասարդներ»: Ադրբեջանական մամուլը, սակայն, վերհանել էր թոքերի ծանր հիվանդությամբ, տասներկումատնյա աղիքի խոց և ողնաշարի ծռում ունեցող, տուբերկուլյոզով հիվանդ երիտասարդների զորակոչման դեպքեր:

Մեր ունեցած փաստերը միայն ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանած և ՄԻՊի- հիշատակած դեպքերն են։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի դեպքերն Ադրբեջանում շատ ավելի են։

One response to “Ադրբեջանի զինուժում լուրջ առողջական խնդիրներով զինծառայողներ կան. Ադրբեջանի ՄԻՊ

  1. Pingback: Ադրբեջանի զինուժում լուրջ առողջական խնդիրներով զինծառայողներ կան. Ադրբեջանի ՄԻՊ Ռազմ.info | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *