Ավարտվել է ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժությունը

Ավարտվել է ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժությունը։ Փակման արարողությունը կայացել է Շանհայում, որի ժամանակ Խաղաղօվկիանոսյան նավատորմի խումբը ղեկավարած Վարյագ հրթիռային հածանավը հյուրընկալել է Շանհայի բնակիչներին։

Ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2013» զորավարժությունից Նկարը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության

Ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2013» զորավարժությունից
Նկարը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության

Նրանք հնարավորություն են ունեցել բարձրանալ և ռուսաստանցի նավաստիների ուղեկցությամբ զբոսնել նավի տախտակամածին։ Օրվա երկրորդ կեսին ռուսաստանյան նավերը հետ են դարձել մշտական կայանման բազա։

Նշենք, որ ռուսաստանյան կողմից զորավարժությանը մասնակցել են նաև ականակիր, դեսանտային և այլ նավեր։ Իսկ ահա չինական կողմը ներկայացված է եղել 6 միավոր նավով, որոնց թվում են ականակիրներ, պարեկային և այլ տեսակի նավեր։

Դեռևս 2013 թվականի ամռանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բիշկեքում ՉԺՀ-ի իր պաշտոնակից Չան Վանցյուանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել էր 2014-ին 2 համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելու հարցը։

Շոյգուն շեշտել է, որ ՌԴ-ի համար կարևոր էր չինական պատվիրակության այցը ռուսաստանյան հրամանատարական կայաններ՝ փորձի ու տեղեկությունների փոխանակման տեսանկյունից։

Նախորդ տարի իրականացրած նմանատիպ զորավարժությանը մասնակցել են Չինաստանի 7 և Ռուսաստանի 12 ռազմական նավ։

Նշենք, որ զորավարժության անցկացման վայրը բավական քննարկվող է դեռևս նախորդ տարվանից, երբ Չինաստանը հայտարարեց, որ Արևելաչինական ծովում ստեղծում է հակաօդային պաշտպանություն։ Հետաքրքրականն այն է, որ հենց այդ ծովում են Սենկակու կղզիները, որոնք Պեկինի և Տոկիոյի համար տարածքային վեճի պատճառ են։

Հայտնի է, որ Պեկինին ԱՄՆ նախագահի հայտարարությունը դուր չի եկել, ինչպես նաև Ֆիլիպինների հետ կնքվելիք անվտանգության ապահովման պայմանագիրը, քանի որ Ֆիլիպինների հետ նույնպես Չինաստանը տարածքային խնդիրներ ունի Հարավչինական ծովում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *