Ղազախստանում ներկայացրել են Տ-72 տանկի «ԿԶ» արդիականացումը

Ղազախստանյան «Սեմեյ ինժինիրինգ» ընկերությունը Ղազախստանում անցկացվող KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Տ-72 տանկի՝ հատուկ երկրի զինված ուժերի համար նախատեսված տարբերակը: Տանկի նոր արդիականացումը ստացել է Տ-72ԿԶ (KZ ” Kazakhstan) անվանումը:

Տ-72 տանկի ղազախստանյան Տ-72ԿԶ արդիականացումը KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Տ-72 տանկի ղազախստանյան Տ-72ԿԶ արդիականացումը KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Տանկի համար հիմք է ծառայել խորհրդային արտադրության Տ-72Ա տանկը: Ղազախստանյան ընկերության մասնագետները փոփոխություններ են կատարել տանկի ընթացային մասում, ինչպես նաև տանկի բազային 780-ձիաուժանոց շարժիչը փոխարինել են 840-ձիաուժանոց նոր շարժիչով: Փորձարկումների արդյունքում այս նորամուծություններն իրենց արդարացրել են:

Տանկի պաշտպանվածությունը բարձրացնելու համար նրա վրա ավելացրել են նաև մոդուլային զրահ: Զրահի նման կառուցվածքը թույլ կտա դաշտային պայմաններում փոխարինել զրահի վնասված հատվածներն ու տեղադրել նոր զրահաշերտեր: Տանկի հետին մասում ամրացվել են նաև հակակումուլյատիվ պաշտպանության համար նախատեսված ցանցեր:

Տ-72ԿԶ արդիականացման վրա ղազախստանցի մասնագետները տեղադրել են նաև կապի ու դիտման նոր սարքավորումներ:

Ղազախստանում նախատեսում են տանկը սերիական արտադրության դնել՝ համագործակցելով Բելառուսի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ:

Տ-72 տանկը նախագծվել է 1967-ից սկսած ու սպառազինության է ընդունվել 1973-ին։ Այն պատրաստվել է որպես հիմնական մարտական տանկ։ Տ-72-ը ներկայում ունի մոտ 20 տարբեր արդիականացում:

Տանկի վրա տեղադրված է 125 մմ-անոց 2Ա46 հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7,62 մմ ու զենիթային ՆՍՎՏ 12,7 գնդացիրներ։ Տանկի բազային տարբերակի վրա տեղադրված է 780 ձիաուժանոց Վ-46 շարժիչ (որոշ արդիականացումների վրա տեղադրված են 840 ձիաուժանոց շարժիչներ)։ Տանկի զանգվածը 41 տոննա է։ Լողացող չէ, առանց հատուկ սարքավորման կարողանում է անցնել մինչև 1,2 մետր խորությամբ ծանծաղուտներ:

Տ-72 տանկերի տարբեր արդիականացումներ առկա են աշխարհի շուրջ 40 երկրների սպառազինության մեջ: Տանկի մոտավոր գինը տատանվում է 1-ից 2 մլն ամերիկյան դոլարի շրջանակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *