Հնդկաստանում կհիմնեն ՄիԳ-29 կործանիչների սպասարկման կենտրոն

Ռուսաստանյան «ՄիԳ» ավիաշինական կոնցերնը 2015-ին ՄիԳ-29 կործանիչների տեխնիկական սպասարկման կենտրոն կհիմնի Հնդկաստանում։ Այն կիրականացնի կործանիչների ռադիոտեղորոշիչ կայանների և բորտ համակարգերի նորոգում։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է «ՄիԳ» ավիաշինական կոնցերնի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը։

ՄիԳ-29ՈւՊԳ

ՄիԳ-29ՈւՊԳ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ

Դեռևս 2013-ին կայացած ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսի ժամանակ 55 միլիոն ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ 2 պայմանագիր էր կնքվել «ՄիԳ» կոնցերնի և հդնկաստանյան Basant Aerosrace Privet Limite ընկերության միջև։ Դրանցից մեկով նախատեսվում էր ինքնաթիռների էլեկտրոնային բաղկացուցիչների վերանորոգման իրականացում, իսկ մյուսով՝ ՄիԳ-29ՈւՊԳ արդիականացված կործանիչների վերանորոգման կենտրոնի հիմնում։

Պայմանագիրը նախատեսում է նաև Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիատեխնիկների վերապատրաստում։

Կոնցերնի գլխավոր տնօրենը նշել է, որ հնդկաստանյան կողմի հետ համագործակցության հաջորդ փուլով նախատեսվում է այդ երկրում հիմնել պահուստարան՝ ՄիԳ կործանիչների պահեստամասերի համար։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2014-ի մարտին, հնդկաստանյան The Sunday Guardian պարբերականի թղթակիցն անցկացրել էր հետաքննություն, որի ընթացքում բացահայտել էր, որ հնդկական օդուժի ավիապարկում առկա Սու-30ՄԿԻ կործանիչների զգալի մասն ունի տեխնիկական լուրջ խնդիրներ, իսկ ռուսաստանյան կողմն ի դեմս Սուխոյ ընկերության, վերանորոգման ու տեխնիկական աջակցման գրեթե բոլոր հայտերը թողնում է անպատասխան։

ՄիԳ-29 կործանիչի առաջին մոդիֆիկացիան շահագործման է հանձնվել 1983-ին։ Մինչ օրս արտադրվել է ինքնաթիռի ավելի քան 1 600 միավոր։ Այն շահագործվում է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Կործանիչը կարող է զարգացնել մինչև 2 100 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում ունի հրանոթ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *