Սու-30ՄԿԻ կործանիչները՝ խնդիր Հնդկաստանի օդուժի համար

Հնդկաստանյան պարբերականներից մեկը հրապարակել է ծավալուն հոդված, որում անդրադարձ է արվել այդ երկրի ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա Սու-30ՄԿԻ կործանիչների զգալի մասի տեխնիկական վատ վիճակին։ The Sunday Guardian պարբերականի տրամադրության տակ հայտնվել են փաստաթղթեր, որոնցում արտացոլված է ռուսաստանյան և հնդկական կողմերի միջև տարված նամակագրությունը։ Համաձայն դրա՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները բազմիցս դիմել են Սուխոյ ընկերությանը՝ հայտնելով Սու-30ՄԿԻ կործանիչների վրա ծագած տեխնիկական թերությունների մասին ու խնդրել շուտափույթ աջակցություն՝ դրանց վերացման համար։

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ

Որպես նախապատմություն նշենք, որ Ռուսաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով վերջինին 2004 թվականից տրվեց Սու-30 կործանիչների հավաքման արտոնագիր։ Անհրաժեշտ տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը պետք է իրականացներ Իրկուտ կորպորացիան։ Հնդկաստանում հավաքվող կործանիչների մոդիֆիկացիան ստացավ Սու-30ՄԿԻ ինդեքսը։ Ըստ նախնական պայմանավորվածության, արտոնագիրը Հնդկաստանին տրվում էր ընդհանուր առմամբ 270 կործանիչ հավաքելու համար։ Նշենք, որ դրանցից 200-ն արդեն հավաքված է։

Սակայն ինչպես հիմա է պարզվում, այդ կործանիչների զգալի մասն ունի տեխնիկական լուրջ խնդիրներ, իսկ ռուսաստանյան կողմին ուղղված տեխաջակցման դիմումները որպես կանոն մնում են անպատասխան։ Հենց այս իրողության հետքերով է գնացել հնդկաստանյան The Sunday Guardian պարբերականի թղթակիցը։

Հնդկաստանում հավաքված Սու-30ՄԿԻ կործանիչերի շրջանում հանդիպել են այնպիսի թերություններ, ինչպիսիք են բորտ-համակարգչի և օդաչուի տեղեկատվական էկրանների  աշխատանքի խափանումները։ Որպես լուրջ խնդիր նշվում է նաև որոշ դետալների նորոգման անհրաժեշտության մասին, ինչի ուղղությամբ սակայն ռուսաստանյան կողմը ևս անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերում։

Այս առնչությամբ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մարշալ Դենզիլ Քիլորը նշում է, որ թեպետ խնդիրը վերաբերում է միայն Սու-30ՄԿԻ կործանիչներին, այդուհանդերձ դա իր բացասական ազդեցությունն է թողնում ողջ ռազմաօդային ուժերի մարտունակության վրա, քանի որ ավիացիոն ստորաբաժանումների գործունեությունը հիմնված է փոխգործակցության վրա ու եթե այդ ստորաբաժանումներից մեկն ունենում է խնդիրներ, ինչպիսին Սու-30ՄԿԻ-ի դեպքն է, ապա հարցը ստանում է ավելի մեծ և լուրջ ծավալներ։

Հավելենք, որ նամակագրությունից հետևում է՝ ռուսաստանյան կողմը ոչ միայն չի ցուցաբերում տեխնիկական անհրաժեշտ աջակցություն, այլև դադարեցրել է Սուխոյ ընկերության մասնագետների գործուղումը Հնդկաստան, ինչի գլխավոր պատճառներից մեկը վարձատրության գնի շուրջ ընդհաուր համաձայնության բացակայությունն է։

Հավելենք նաև, որ Հնդկաստանի ՌՕՈւ Սու-30ՄԿԻ կործանիչներից թվով 20-ն ունեն կապիտալ նորոգման կարիք։

2 responses to “Սու-30ՄԿԻ կործանիչները՝ խնդիր Հնդկաստանի օդուժի համար

  1. Pingback: ՌԴ ռազմածովային ուժերը համալրվել են ևս 3 միավոր Սու-30ՍՄ կործանիչով | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը կարող է արդիականացնել Հնդկաստանի բոլոր Սու-30 կործանիչները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *