ԱՄՆ-ն կարող է 18 միավոր UH-60M ուղղաթիռ վաճառել Մեքսիկային

ԱՄՆ կառավարության պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը 2014-ի ապրիլի 21-ին հաստատել է, որ Մեքսիկային կարող է վաճառվել 18 միավոր UH-60M Black Hawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 680 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

UH-60 ուղղաթիռ. Հարավային Կորեայի ՌՕՈւ

UH-60 ուղղաթիռ. Հարավային Կորեայի ՌՕՈւ

Նախատեսվում է, որ արդիականացված UH-60M Black Hawk (թարգմ.՝ սև բազե) ուղղաթիռներով մեքսիկական կողմը կհամալրի ոչ միայն ռազմաօդային ու ռազմածովային ուժերն, այլև կներգրավի դրանք թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում։

Հատկանշական է նաև այն, որ 2011-ին Միացյալ Նահանգներն անհատույց Մեքսիկային էր փոխանցել այս ուղղաթիռների 6 օրինակ։ Նվիրատվության նպատակը թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն էր։ Պետք է նշել սակայն, որ 2013-ին այդ ուղղաթիռներից մեկը վթարվեց։

Նշենք, որ Մեքսիկայի զինված ուժերում և ուժային այլ կառույցներում շահագործվող ուղղաթիռների ցանկը բավական բազմազան է։ Դրանցից հարկ է առանձնացնել ամերիկյան Sikorsky CH-53, Bell 206B, ինչպես նաև խորհրդային Մի-17 ուղղաթիռները։

Սիկորսկի ընկերության արտադրած UH-60M Black Hawk աջակցման ուղղաթիռը շահագործվում է 1979-ից։ Մինչ օրս արտադրվել է ավելի քան 4 000 միավոր, որոնք շահագործվում են աշխարհի մոտ 25 երկրներում։ Չորս հոգանոց անձնակազմ ունեցող (2 օդաչու և 2 գնդացրորդ) ուղղաթիռը կարող է տեղափոխել նաև 11 զինծառայող։

Ուղղաթիռի առավելագույն արագությունը շուրջ 300 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 5 800 մետր։ Սպառազինությունում ունի կողային 2 գնդացիր, 2 հրանոթ, չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև հրթիռներ՝ լազերային նշանառությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *