ՀԱՀ-ը կիրականացնի անգլերենի ուսուցում ՀՀ ԶՈւ զինծառայողների համար

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կետրոնական վարչական ժողովի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀԲԸՄ կետրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբեանի և ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ:

Ընդունելություն ՊՆ-ում

Ընդունելություն ՊՆ-ում

Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի ՀԲԸՄ ամբողջական հովանավորությամբ ՀԱՀ կողմից կիրականացվեն հետևյալ ծրագրերը. ՀՀ ՊՆ և ԶՈւ անգլերեն լեզվի դասավանդողների վերապատրաստում, պարտադիր զինվորական ծառայության վերջին 6 ամիսների ընթացքում զինծառայողների համար նախատեսված ուսուցում, ՀՀ ՊՆ քաղաքացիական հատուկ ծառայողների և զինվորական անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանելու նպատակով ՀՀ ՊՆ և ԶՈւ ներկայացուցիչներին մագիստրոսական և բակալավրիատի կրթաթոշակների տրամադրում, մի շարք այլ նախապատրաստական դասընթացներ:

Օհանյանը հանդիպմանը կարևորեց համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը տարեցտարի ընդլայնվելով տալիս է իր դրական արդյունքները:

Նշվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի մի շարք ներկայացուցիչներ շարունակական կրթության բաժնի դասընթացներին մասնակցելու և ավարտելու հնարավորություն են ստացել՝ կատարելագործելով իրենց մասնագիտական հմտությունները, իսկ նրանցից մեկը ներկայումս ուսանում է Ամերիկյան համալսարանի մագիստրոսական բաժնում ՀԲԸՄ կողմից տրամադրված կրթաթոշակով:

2013 մայիս-հունիս ամիսներին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՍԿՈԲ կենտրոնի ունկնդիրներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել առաջնորդության և կառավարման վերաբերյալ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների բաժնի տնօրեն, դոկտոր Արփի Բալյանի կողմից անվճար հիմունքերով իրականացված հատուկ դասընթացին: Ներկայումս վերոհիշյալ դասընթացը ներառվել 2013-ի հիմնված հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական ծրագրում և դասավանդվում է 2 առանձին ծրագրով՝ միջին և ավագ հրամանատարական կազմի ներկայացուցիչների համար:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և սփյուռքահայությանը Հայաստանին շարունակական աջակցության համար, ինչից անմասն չեն մնա նաև ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը՝ ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու իրենց պատրաստակամության և հանձնառության համար:

0 responses to “ՀԱՀ-ը կիրականացնի անգլերենի ուսուցում ՀՀ ԶՈւ զինծառայողների համար

  1. Pingback: Հայտնաբերված արկղում զինամթերք է եղել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *