Էստոնիայի պաշտպանության նախարարությունում հաստատել են ռազմական ոլորտի՝ մինչև 2022 թվականի զարգացման երկարաժամկետ ծրագիրը։ Սահմանվել են ֆինանսական միջոցների ծավալները, որոնք ուղղվելու են զինված ուժերի սպառազինության համալրմանը։ Այս մասին հաղորդում է զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը։
Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտնել է, որ 2014-ին երկրի զինված ուժերի սպառազինության համալրման և նյութատեխնիկական բազայի հագեցածության համար կհատկացվի շուրջ 156 միլիոն ամերիկյան դոլար, ինչն ընթացիկ տարվա ռազմական բյուջեի մոտ 29 տոկոսն է։
Պաշտպանության նախարարը նշել է, որ գնումների առաջնահերթությունը տրվելու է հետևակի մարտական նոր մեքենաների, բեռնատարների, ինչպես նաև մի շարք սարքավորումների ձեռքբերմանը։ Դրանց թվում Ռեյնսալուն առանձնացրել է տարատեսակ պահեստամասերը, զինամթերքը, ականանետերի կրակի կառավարման համակարգը, կապի միջոցները, գիշերային տեսողության սարքերը զինվորական հանդերձանքն ու զրահաբաճկոնները։
Եզրափակելով սպասվող գնումների ցանկը՝ Էստոնիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ նախատեսվում է յուրաքանչյուր տարի շուրջ 8.5 միլիոն դոլար հատկացնել նախկինում մատակարարված սպառազինության և ռազմական տեխնիկայի դիմաց կուտակված պարտքի մարմանը։ Այդ սպառազինության թվում են Ground Master 403 ռադիոտեղորոշիչ կայանը, Ֆինլանդիայից գնած XA-188 զրահափոխադրիչները և այլ զինատեսակներ։
Նշենք, որ ընդամենը 6 000 հոգանոց ակտիվ անձնակազմ ունեցող էստոնական զինուժի մարտունակությունը բավական ցածր մակարդակի վրա է։ Դրա վկայություններից մեկը 2014-ի մարտի սկզբին ամերիկյան հավելյալ կործանիչների ուղարկումն էր Լեհաստան, որոնք պետք է պարեկություն իրականացնեին Մերձբալթյան երկրների՝ այդ թվում նաև Էստոնիայի օդային սահմաններում, քանի որ վերջինիս ռազմաօդային ուժերի ներուժը բավարար չէր այդ պարեկության իրականացման համար։