Զորավարժություններ Լիտվայում՝ հնարավոր ագրեսիային հակազդման սցենարով

Ղրիմյան իրադարձությունների և այդ համատեքստում ռուսաստանյան զինված ուժերի ակտիվացման հետ մեկտեղ զորավարժություններ և բանակի ամրապնդման հապճեպ քայլեր են ձեռնարկել Մերձբալթյան երկրները։ 2014-ի մարտի 19-ին Լիտվայի զինված ուժերն անցկացրել են զորավարժություն, որին հետևել է երկրի զինվորական բարձրագույն հրամանատարությունը՝ ի դեմս ԶՈւ գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արվիդաս Պոցյուսի։ Այս մասին հայտնում է լիտվական Delfi լրատվակայքը։


Լիտվայի ԶՈւ բարձրագույն հրամանատարությունը հետևում է ընթացող զորավարժություններին

Զորավարժության ընթացքում մասնակից զինծառայողները մարտական կրակ են վարել ինչպես հրազենից, այնպես էլ հրետանուց։ Իսկ գեներալ-լեյտենանտ Պոցյուսը՝ ակնհայտ ակնարկելով Ռուսաստանը, նշել է, որ այս զորավարժությունները պետք է հստակ ազդակ լինեն յուրաքանչյուր ագրեսորին այն մասին, որ մենք կարող ենք կրակել և անհրաժեշտության դեպքում այդպես էլ կվարվենք։

Նույն օրը Լիտվայի կառավարության նիստում վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի սպառազինությունն առաջիկայում կկատարելագործվի։ Հիշեցնենք, որ զինուժի սպառազինության թարմացման մտադրության մասին 2014-ի մարտի 19-ին հայտնել էր նաև Էստոնիան։

Վերոնշյալ զարգացումներից կարող ենք փաստել, որ ուկրաինական ճգնաժամը և դրան հաջորդած իրադարձությունները բացել են Մերձբալթյան երկրների աչքերը, որոնք «հիշեցին» մարտունակ բանակ ունենալու անհրաժեշտության մասին։