Էստոնիան ընթացիկ տարում 156 միլիոն դոլար կհատկացնի սպառազինության թարմացմանը

Էստոնիայի պաշտպանության նախարարությունում հաստատել են ռազմական ոլորտի՝ մինչև 2022 թվականի զարգացման երկարաժամկետ ծրագիրը։ Սահմանվել են ֆինանսական միջոցների ծավալները, որոնք ուղղվելու են զինված ուժերի սպառազինության համալրմանը։ Այս մասին հաղորդում է զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը։

XA-188 զրահափոխադրիչ. Էստոնիայի ԶՈւ

XA-188 զրահափոխադրիչ. Էստոնիայի ԶՈւ

 

Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտնել է, որ 2014-ին երկրի զինված ուժերի սպառազինության համալրման և նյութատեխնիկական բազայի հագեցածության համար կհատկացվի շուրջ 156 միլիոն ամերիկյան դոլար, ինչն ընթացիկ տարվա ռազմական բյուջեի մոտ 29 տոկոսն է։

Պաշտպանության նախարարը նշել է, որ գնումների առաջնահերթությունը տրվելու է հետևակի մարտական նոր մեքենաների, բեռնատարների, ինչպես նաև մի շարք սարքավորումների  ձեռքբերմանը։ Դրանց թվում Ռեյնսալուն առանձնացրել է տարատեսակ պահեստամասերը, զինամթերքը, ականանետերի կրակի կառավարման համակարգը, կապի միջոցները, գիշերային տեսողության սարքերը զինվորական հանդերձանքն ու զրահաբաճկոնները։

Եզրափակելով սպասվող գնումների ցանկը՝ Էստոնիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ նախատեսվում է յուրաքանչյուր տարի շուրջ 8.5 միլիոն դոլար հատկացնել նախկինում մատակարարված սպառազինության և ռազմական տեխնիկայի դիմաց կուտակված պարտքի մարմանը։ Այդ սպառազինության թվում են Ground Master 403 ռադիոտեղորոշիչ կայանը, Ֆինլանդիայից գնած XA-188 զրահափոխադրիչները և այլ զինատեսակներ։

Նշենք, որ ընդամենը 6 000 հոգանոց ակտիվ անձնակազմ ունեցող էստոնական զինուժի մարտունակությունը բավական ցածր մակարդակի վրա է։ Դրա վկայություններից մեկը 2014-ի մարտի սկզբին ամերիկյան հավելյալ կործանիչների ուղարկումն էր Լեհաստան, որոնք պետք է պարեկություն իրականացնեին Մերձբալթյան երկրների՝ այդ թվում նաև Էստոնիայի օդային սահմաններում, քանի որ վերջինիս ռազմաօդային ուժերի ներուժը բավարար չէր այդ պարեկության իրականացման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *