Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության գծով միջպետական հանձնաժողովի նստաշրջանը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատնտեսական համագործակցության գծով միջպետական հանձնաժողովի 11-րդ նստաշրջանը։

Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Վերջինս մանրամասնել է, որ ռազմատնտեսական համագործակցության գծով միջպետական հանձնաժողովը ծրագրում է ընտրել նոր նախագահի, քանի որ գործողի իրավասությունների եռամյա ժամկետը լրանում է։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ վերոհիշյալ հանձնաժողովի գործող նախագահը ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Իգոր Կարավաևն է։

Զայնետդինովի խոսքերով՝ կայանալիք նստաշրջանի շրջանակներում քննարկվելու են նաև հանձնաժողովի կողմից կանոնադրական մարմինների և 2013-ի սեպտեմբերի 23-ին Սոչիում ՀԱՊԿ նստաշրջանի ընդունած որոշումների կատարման խնդիրները։ Սոչիում որոշում էր կայացվել մասնավորապես Տաջիկստանի սահմանապահ ծառայությանը ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման վերաբերյալ՝ հաշվի առնելով տաջիկ-աֆղանական սահմանի անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը։

Զայնետդինովը տեղեկացրել է, որ ռազմատնտեսական համագործակցության գծով միջպետական հանձնաժողովը վերանայելու է ՀԱՊԿ երկների ռազմատեխնիկական համագործակցության սկզբունքների հիման վրա ռազմական նշանակության արտադրանքի տրամադրման կարգի պարզեցման հարցը, ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ռազմատեխնիկական աջակցության արտադրանքի գրացուցակավորման նախագիծը, հանձնաժողովի Գործնական խորհրդի գործունեության հարցերը։

Ըստ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ևս մասնակցելու է և ելույթ է ունենալու Երևանում կայանալիք նստաշրջանին։

ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից 1992-ի մայիսի 15-ին։ Այժմ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *