Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ հերթական նստաշրջանին, որը կայանալու է ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ին Սոչիում, քննարկվելու են նաև ընդհանուր ռազմաօդային ուժերի ստեղծման ծրագրի հնարավորությունները:
Պաշտոնական Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նստաշրջանի ընթացքում, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվելու են անվտանգության ապահովման համատեղ գործողությունների մշակումը, բացի այդ քննվելու են 2012-ի դեկտեմբերի ու 2013-ի մայիսի նստաշրջանների որոշումների իրականացման արդյունքները։
Ուշադրության կենտրոնում է լինելու անդամ երկրների սահմանների անվտանգության խնդիրը՝ կապված 2014-ին Աֆղանստանից ՆԱՏՕ զորքերի դուրսբերման հետ։
Հավելենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաղորդել էր՝ Սոչիում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը նախորդելու է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, ապա պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստը։ Դրա ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության փաստաթղթեր, առաջարկներ են ընդունվելու Տաջիկստան-Աֆղանստան սահմանի անվտանգության ապահովման արդյունավետության վերաբերյալ։
Բորդյուժայի խոսքերով՝ որոշ ժամանակ առաջ ՀԱՊԿ փորձագետներն ուսումնասիրել են տաջիկ-աֆղանական սահմանը՝ եզրահանգելով՝ տաջիկ սահմանապահներին աջակցելու անհրաժեշտոթյուն կա։
ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից 1992-ի մայիսի 15-ին։ Այժմ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։