Հարձակվել են Լիբիայում ՌԴ դեսպանատան վրա

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է շենքը գրոհողներից մեկը։ Հարձակում գործած ևս 4 անձ վիրավորվել է։
ՌԴ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, փոխանցում է AP-ն՝ հղում կատարելով լիբիական իշխանություններին։ Չի մանրամասնում, թե հարձակվողների վրա կրակ են բացել լիբիացի իրավապահները, թե դեսպանատան անվտանգության աշխատակիցները։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ից Տրիպոլիում ՌԴ դեսպանության շենքի առջև սկսել էին ցուցարարներ հավաքվել, ովքեր իրենց ագրեսիվ են պահել։ Ցուցարարները պոկել են պատշգամբում ամրացված ռուսական դրոշները, ապա նրանց մի մասը փորձել է մտնել դեսպանատան տարածք՝ կոտրելով դարպասը։ Նրանք հրդեհել են նաև դեսպանատան մոտ կանգնած ավտոմեքենաները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես հաստատել են հարձակման փաստը և հավելել, որ դեսպանության աշխատակիցները չեն տուժել։
AFP-ի տվյալներով՝ լիբիացիների դժգոհության առիթ է դարձել այն տեղեկությունը, թե Ռուսաստանի քաղաքացի մի կին Լիբիայի ռազմաօդային ուժերի սպայի է սպանել, ոբ. ըստ չհաստատված տեղեկությունների, եղել է նրա ամուսինը։
Նշենք, որ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի՝ ապստամբների կողմից սպանությունից հետո այդ երկրում անկայությունը դեռ շարունակվում է, ինչի հետևանքով վերջին 2 տարում հաճախացել են հարձակումները արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։
Այսպես, 2012 թվականին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման ժամանակ սպանվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսն ու ևս 3 ամերիկացի։ Հարձակման այլ դեպքեր ևս արձանագրվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *