Ադրբեջանում նման սադրանքները մշտական են դարձել. ՀՀ ՊՆ

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնականում առանց պաշտոնական հաստատման ու մեկնաբանությունների, լուրեր են տարածում՝ իբր սահմանագծում «հայ զինծառայողները հրդեհում են արոտավայրերը»։

Սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կայքերը տեղեկացնում են՝ իբր «հայերի՝ արոտավայրերը հրդեհելու պատճառով՝ կրակը հասել է Թովուզի շրջանի սահմանամերձ ադրբեջանական գյուղերին՝ ոչնչացնելով 5 հա տարածք»։

Բացի այդ, համաձայն նույն լրատվամիջոցների՝ «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է Ալիբեյլի գյուղի բնակիչներից մեկը»։ Այս մասին հայտնել է Ալիբեյլիի գյուղապետ Շահվելեդ Ալիևը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այս տեղեկություններին։

Հիշատակված Ալիբեյլի գյուղը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին։

Ռազմինֆոն հարցի առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովյաննիսյանից։

Վերջինս շեշտեց. «Սա հերթական սադրանքն է, սկզբից մինչև վերջ հորինված է։ Հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը։ Մենք առավել ևս չենք կրակում խաղաղ բնակիչների վրա։ Ինչպես տեսնում ենք, նման ապատեղեկատվությունն Ադրբեջանում վերջին շրջանում մշտական է դարձել։ Մենք մեր հերթին հայտարարում ենք՝ սադրանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն օգոստոսի 7-ին գրել է, որ Աղդամի (Ակնա) շրջանի՝ առաջնագծին մոտ հատվածներում իբր «հայերը տարածքը հրդեհել են, հրդեհը տարածվում է»։ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հաստատել էր, որ սա բացարձակ հերյուրանք է և ակնհայտ ապատեղեկատվություն՝ շեշտելով. «Չէ՞ որ հրդեհ բացելով՝ մենք առաջին հերթին մեզ կվնասեինք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *