Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Սիրիայի հետ սահման

Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելություններ է կատարում Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող զորամասեր, ռազմաբազաներ, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներ։

Ցամաքային զորքերի հրամանատարին ուղեկցում են երկրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին և այլ բարձրաստիճան զինվորականներ։

Սեպտեմբերի 11-ին բանակի գեներալ Աքարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սիրիային սահմանակից Քիլիս, Այնթապ և Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգներում թուրքական բանակի զորամասեր, ռազմաբազաներ և հենակետեր, ինչպես նաև հանդիպումներ անցկացրել վերոնշյալ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ։

Վերջին շրջանում թուրք գեներալների՝ զգալի ակտիվացած նմանապիտ այցերը կապված են Սիրիայում հնարավոր միջազգային ռազմական միջամտության հետ։

Թուրքիան վերջին շաբաթներին Սիրիայի հետ սահմանին կուտակում է անձնակազմ, զրահատեխնիկա, հրետանի, ինչպես նաև ուժեղացնում ՀՕՊ համակարգը և պաշտպանական կառույցները։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հաթայ նահանգում թուրքական կողմը ռազմաբազա է կառուցում։

Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *