ՌԴ ՊՆ-ն ու ֆինանսների նախարարությունը ռազմական գնումների մի մասը հետաձգելու են

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն անդրադարձել է սպառազինության պետական ծրագրի ծախսերին։
Ֆինանսների նախարարի խոսքերով՝ դրանց մի մասը կհետաձգվի։

ՌԴ ՊՆ շենքը

ՌԴ ՊՆ շենքը

Նշենք, որ այս հայտարարությունն արվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բյուջեի վերաբերյալ խորհրդակցությունից հետո։
Սիլուանովը հավելել է, որ իրենց հաջողվել է ստանալ պաշտպանության նախարարի համաձայնությունը, որպեսզի սպառազինության ծրագրած գնումների մի մասը հետաձգվի։ Ներկայումս բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։

Ընդ որում, ֆինանսների նախարարը հրաժարվել է նշել, թե նախատեսված գնումներից որոնք են հետաձգվելու։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարի՝ սպառազինության գծով տեղակալ Յուրի Բորիսովն օրեր առաջ հայտարարել էր՝ ՌԴ սպառազինության վերջին 3 պետական ծրագրերը չեն իրականացվել ֆինանսավորման սխալ գնահատման, դրամի արժեզրկման և մի շարք այլ պատճառներով։

Նա շեշտել էր, որ սպառազինության պետական ծրագրի թերացումները առավելապես արտացոլվել ու արտացոլվում են նավաշինության բնագավառում։ Բացի այդ, պետական ծրագրի ժամանակին ի կատար ածմանը խոչընդոտում են ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարության կողմից պատվիրված գիտահետազոտական հսկայական աշխատանքները, որոնք նախապես համաձայնեցված չեն ՊՆ-ի և ՌԾՈւ-ի հետ։

Հավելենք, որ 2011-2012-ը ՌԴ ՊՆ-ի ու ռազմարդյունաբերական համակարգի միջև այսպես կոչված «գնային պատերազմներ» էին ընթանում։ Դա հանգեցնում էր ծրագրերի թերի կատարմանը։ Զինվորականները պնդում էին, որ ռազմարդյունաբերական արտադրանքի գործարանային գինը նվազեցվի, իսկ արտադրողները վկայում էին՝ այդ դեպքում արտադրությունը կդառնա ոչ շահութաբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *