Ադրբեջանի ռազմարդյունաբերության կիսամյակային զեկույցը

Հուլիսի 30-ին Ադրբեջանում կայացել է ռազմարդյունաբերության նախարարության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ընթացիկ տարվա առաջին 6 ամսվա արդյունքները:

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալ

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալ

Ռազմարդյունաբերության նախարար Յաշեր Ջամալը հայտարարել էր, որ իրենց նախարարության արտադրանքի 86,4%-ը պաշտպանական նշանակության էր, 13,6%-ը՝ քաղաքացիական: Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, թողարկում են ավելի քան 750 անուն արտադրանք:

2013-ին նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շահագործման են հանձնվել 2 նոր արտադրական հարթակ. “Şərq” («Շարգ») արտադրական միավորման «Տելեմեխանիկա» խոշոր տրամաչափի փամփուշտների գործարանը և “Üfüq” (Ուֆյուգ) արտադրական միավորման, մարտական զինամթերքի թափոնների մշակման «Արազ» գործարանը:

Բացի այդ, շեշտվեց, որ այս տարի Ադրբեջանը Ստամբուլում անցկացված IDEF-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացել է 130 ցուցանմուշով:

Ռազմինֆոն տեղեկացրել էր, թե ինչպես էր ադրբեջանական մամուլը ցուցահանդեսի մեկնարկից շաբաթներ առաջ քարոզչական նյութեր տարածում ներկայացվելիք արտադրանքի վերաբերյալ՝ չնայած նրան, որ IDEF-2013-ին Ադրբեջանի ներկայացրած ցուցանմուշներից միայն 3 էին առաջին անգամ ցուցադրվում, մնացյալները նախորդ տարիներին քանիցս ներկայացվել էին ռազմական ցուցահանդեսներում: Սա արտառոց դեպք չէ. սպառազինության արտադրման և գնման մասին լուրերը ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից կիրառվող միջոցներից է:

Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ցուցադրված Toyota Hilux 12 մեքենայի հիմքի վրա պատրաստված ադրբեջանական պարեկային մեքենա «Գյուրզա»-ն սպառազինության տեսանկյունից ոչ մի նորույթ չի ներկայացնում, իսկ Toyota Hilux մակնիշն էլ՝ որպես պարեկային-ռազմական մեքենա, դեռևս 60-ականներից լայնորեն կիրառվել է քաղաքացիական պատերազմներում:

Հարկ է նշել նաև, որ շատ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից որպես «սպառազինություն» կամ «ռազմական տեխնիկա» արտադրող ներկայացվող գործարաններում իրականում արտադրում են ռազմական կամ ոչ ռազմական նշանակության սարքավորումներ ու բաղադրիչներ, օրինակ՝ օպտիկական համակարգեր, էլեկտրոնային ցուցատախտակներ, դիմապակիներ և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *