Ռազմաշաբաթի ամփոփում.Ադրբեջան. մայիսի 6-12

Ադրբեջանի ՊՆ ցուցանմուշները՝ Ստամբուլի IDEF-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Ադրբեջանի զինդատախազն անդրադարձել է ԶՈՒ ոչ մարտական զոհերին։

1. Մայիսի 7-10-ը Ստամբուլում մեկնարկեց IDEF-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում էին 49 երկրի 27 պաշտպանության նախարարներ և 800 ընկերություններ, որոնցից 69-ը՝ որպես դիտորդներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մեկնել էր Ստամբուլ դեռևս մայիսի 6-ին։ Ադրբեջանից մասնակցում էին նաև ռազմարդյունաբերության նախարարության, պետական սահմանապահ ծառայության և «Azairtechservice» ընկերության ներկայացուցիչները:

«Gürzə»  ադրբեջանական պարեկային մեքենա։ Աղբյուր՝ armyrecognition.com

«Gürzə» ադրբեջանական պարեկային մեքենա։ Աղբյուր՝ armyrecognition.com

Ադրբեջանի տաղավարում ցուցադրվել է 130 նմուշ զենք-զինամթերք, այդ թվում՝ «Istiqlal» (14,5 մմ) և «Mübariz» (12,7 մմ) դիպուկահար հրացաններ, UP-7,62 ունիվերսալ գնդացիր, RPQ-7V2 «Qaya» ձեռքի 40մմ նռնականետ, ականանետեր (60 և 80 մմ), տարբեր տրամաչափերի այլ հրազեն ու փամփուշտներ, օպտիկական համակարգեր, ավիացիոն ռումբեր, էլեկտրոնային ցուցատախտակներ, AZ-2M и AZ-BP ԱԹՍ-եր: Նշվածները քանիցս ցուցադրվել էին. Razm.info-ն արդեն հայտնել էր, որ առաջին անգամ ներկայացված ադրբեջանական ցուցանմուշները միայն երեքն են՝ «Gürzə» (4х4) պարեկային մեքենան, «Yalquzaq» (7,62 մմ) դիպուկահար հրացանը և HP-7,62 գնդացիրը:

Մայիսի 8-ին IDEF-ի շրջանակներում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը և Թուրքիայի ռազմարդյունաբերության փոխնախարար Մուրադ Բայարը ստորագրել են համագործակցության արձանագրություն, որը ենթադրում է Ադրբեջանի ՊՆ և թուրքական Քիմիական արդյունաբերության կազմակերպության (МКЕ), «ROKETSAN» և «Otokar» ընկերությունների համատեղ նախագծերի իրականացում: Ջամալովը հայտարարել է, որ ներկա դրությամբ Ադրբեջանն ու Թուրքիան այս բնագավառում համատեղ ծրագրերի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տանում: Նշենք, որ ռազմարդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության սերտացումը ծրագրված էր դեռևս հունվարին:

2. Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիևն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ ոչ մարտական զոհերի խնդրին՝ հայտարարելով, որ դրանց թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի ուժ, այլև ռազմական հոգեբանների հաստիքներ: Վելիևն իր խոսքում մեղադրում է հասարակությանը՝ ԶՈՒ հարցերում պասիվ դիրքորոշում որդեգրելու մեջ։ Զինդատախազը դժգոհել է նաև, որ Ադրբեջանի ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը երբեմն անփութություն է թույլ տալիս զինակոչիկների հարցում, բայց ՊՆ հրամանի համաձայն՝ ծառայության անցնելուց մի քանի ամիս անց զինվորը նորից բուժզննում է անցնում, ինչի արդյունքում էլ ախտորոշված հիվանդության պատճառով մի շարք երիատասարդներ ազատվում են ծառայությունից:

Վելիևը, շեշտելով, որ ինքնասպանություններ կան աշխարհի բոլոր ԶՈՒ-ում, զուգահեռներ է անցկացրել ԱՄՆ ԶՈՒ-ում նույն խնդրի հետ՝ ասելով, որ ամերիկյան բանակում 100,000 զինվորին բաժին ընկնող ինքնասպանությունների թիվը 2-3 անգամ ավելի մեծ է, քան Ադրբեջանում: Նշենք, որ ԱՄՆ ԶՈՒ կառուցվածքը շատ տարբեր է Ադրբեջանի բանակից, ուստի անհասկանալի է, թե Վելիևն որ ցուցանիշն է համեմատում սեփական երկրի բանակի հետ և ինչու: Հավելենք նաև, որ դեռևս մարտ ամսվա սկզբին ադրբեջանական մամուլն անհայտ աղբյուրից լուրեր էր տարածել, որ խորհրդարան է ներկայացվել նախագիծ՝ ԶՈՒ-ում ռազմական հոգեբանի հաստիքներ ստեղծելու վերաբերյալ, և ըստ աղբյուրի՝ այդպիսի առաջին հաստիքները կլինեն բրիգադների ու գումարտակների մակարդակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *