Ադրբեջանի ռազմական փորձագետը մեկնաբանում է ոչ մարտական զոհերի հարցը

Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները, հղելով պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին, տեղեկացնում են Ադրբեջանում ԶՈւ զոհերի մեծ քանակի մասին:

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

Մասնավորապես հուլիսի 30-ին ԱՀ զինծառայողներից մեկը մահացել էր առաջնագծում, մյուսը՝ խեղդվել Բաքվից ոչ հեռու տեղակայված լճերից մեկում: Բացի այդ, «Դոկտրինա» ռազմական-վերլուծական կենտրոնը հրապարակել էր տվյալներ, համաձայն որոնց՝ ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտներում կորուստների ընդհանուր թիվը 58 է։

Այս առնչությամբ ադրբեջանական մամուլում մեկնաբանություններ է տվել «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին:

Վերջինս գրեթե նույնությամբ մեջբերել է իր նախորդ հարցազրույցներում արտահայտած մտքերը, մասնավորապես, այն, որ բանակում ցանկացած բարեփոխում կապված է նախ և առաջ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրաժարականի հետ: Ջաֆարլին պարզաբանել է. «Պաշտպանության նախարարն ու հրամանատարական կազմը թույլ են, անտարբեր են զինվորի նկատմամբ: Հասարակությունը բողոքում է ոչ մարտական զոհերի մեծ քանակից, իսկ պաշտպանության նախարարության համար դրանք միայն վիճակագրական չոր թվեր են: 20 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ մեկ օրինագիծ չեն առաջարկել բանակի՝ քաղաքացիական վերահսկողական մարմին ստեղծելու վերաբերյալ»:

Ռազմական փորձագետը քիչ է համարել նաև զինվորի կյանքի ապահովագրման գումարը՝ մոտ 14 հազար ԱՄՆ դոլար՝ կոչ անելով հետևել Թուրքիայի օրինակին, որտեղ այն կազմում է գրեթե 1 մլն 200 հազար դոլար:

Հիշեցնենք, որ Ջաֆարլին հայտնի է Ադրբեջանի իշխանությունների և բարձրաստիճան զինվորականների հասցեին հնչեցրած խիստ քննադատություններով, ինչն էլ, ըստ փորձագետի, պատճառ է հանդիսացել 2013-ի ապրիլի 2-ի գիշերն անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկվելու համար: Դատավարության ընթացքում Ջաֆարլին հայտարարել է, որ իր վրա հարձակվել են Սաֆար Աբիևի հրահանգով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *