Ադրբեջանի ռազմական փորձագետը Սաֆար Աբիևին կոչ է անում թոշակի անցնել

Այսօր՝ հուլիսի 16-ին, ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով հայտնի Յաշար Ջաֆարլին մեկնաբանել է Սաֆար Աբիևի օրերս արած հայտարարությունները։

Խոսքը գնում է մասնավորապես Հարավային Կորեայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, արդեն սովորական դարձած հնչեցրած մտքերին, թե իբր «ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը հարկադրում է Ադրբեջանին ռազմական ներուժը հզորացնել՝ իր տարածքներն ազատագրելու»։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ջաֆարլին շեշտել է, որ նման մտքեր արտահայտելու փոխարեն՝ Սաֆար Աբիևը լավ կաներ՝ հրաժարական տար, քանի որ միայն այդ պարագայում Ադրբեջանի ԶՈւ-ում դրական փոփոխություններ կսկսվեն։ Ռազմական փորձագետը հիշեցրել է, որ Աբիևը վաղուց պետք է թոշակի անցներ, քանի որ ըստ Ադրբեջանի «Ռազմական պարտավորության ու ռազմական ծառայության մասին օրենքի»՝ նա կարող էր պաշտոնավարել միայն մինչև 60 տարեկանը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Ահունդբալա օղլու Աբիևը ծնվել է 1950-ի հունվարի 27-ին. այսինքն՝ նա ներկայումս 63 տարեկան է։

Հավելենք նաև, որ Ադրբեջանում ռազմական փորձագետները պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին, ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովին, ինչպես նաև մյուս բարձրաստիճան զինվորականներին քննադատելու և բանակում բարեփոխումներ պահանջելու պատճառով մշտապես ենթարկվում են հալածանքների և հետապնդումների։ Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացիկ տարվա հուլիսին սկսել է ռազմական փորձագետ, «Գյունդելիք Ադրբեջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովի հայցադիմումի քննումը։ Նա ծեծի էր ենթարկվել 2007-ին, երբ քննադատական հոդված էր տպագրել գնդապետ Ֆաիգ Մամեդովի մասին։ Իսկ Բաքվի ռազմական դատարանը հունիսի 3-ին սկսել էր ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի դատավարությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *