Չեխիայի պաշտպանության նախարարությունը երկարաձգելու է JAS 39 Gripen շվեդական կործանիչների վարձակալման պայմանագիրը։
Պաշտպանության նախարար Վլաստիմիլ Պիցեկը վկայել է, որ Չեխիայի խորհրդարանը հավանություն է տվել, և մոտակա 30 օրերի ընթացքում իր համաձայնությունը պետք է տա վարչապետ Իրժի Ռուսնոկը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Չեխիան ու շվեդական Saab ընկերությունը Gripen կործանիչների վարձակալության պայմանագիրը կնքել են 2004-ին։ Պայմանագրի արժեքը կազմում է 986,3 մլն դոլար։ Ըստ պայմանագրի պայմանների՝ Չեխիայի ՌՕՈւ-ն ստացել է 14 միավոր մարտական ինքնաթիռ 10 տարի ժամկետով։ Պայմանագրի կետերի կատարման ժամկետն ավարտվում է 2014-ին։
Հավելենք, որ պայմանագրի երկարաձգման բանակցությունները տարվում են վերջին 2 տարիների ընթացքում։ Սկզբնական շրջանում Չեխիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ պայմանագրի պայմաններն իր համար շահավետ չեն, ուստի զինվորականները մտադիր են բաց տենդեր անցկացնել՝ նոր մարտական ինքնաթիռների վարձակալման նպատակով։
Այնուհանդերձ, 2012-ի դեկտեմբերին Չեխիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Վոնդրան հայտարարել էր՝ Saab-ը վերջապես համաձայնել է Gripen-ների վարձակալման արժեքը նվազեցնել, դրա համար էլ պայմանագիրը ուժի մեջ է։