Թեհրանում հանդիպել են Իրանի և Իրաքի ԶՈւ ԳՇ պետերը

Սեպտեմբերի 27-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին Իրանում հանդիպել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրաքյան Քրդստանի անկախացման հարցը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը Իրանի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ Իրանը ճանաչում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և ընդունում Իրաքի սահմաններն այնպես, ինչպես ամրագրված է այդ երկրի սահմանադրությունում։

Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին

Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին

Բաղերին հավելել է, որ Իրաքի հյուսիսում որև կուսակցության կամ խմբակցության իշխանությունը Իրանի համար անընդունելի է։

Նա նաև նշել է, որ սեպտեմբերի 28-ին Իրանի կողմից իրանա-իրաքյան ընդհանուր սահման են այցելելու իրանցի և իրաքցի ռազմական գործիչներից կազմված օպերատիվ խմբերը։ Ըստ Բաղերի՝ Իրանը պատրաստ է Իրաքի հետ ցանկացած տեսակի համագործակցության։

Իր հերթին Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին վստահություն  է հայտնել, որ մինչև Իրաքում կայունության հաստատումը Իրանը այդ երկրի կողքին է լինելու։

Նշենք, որ Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը։ Քրդերի անկախության հանրաքվեի անցկացումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Օսման Ղանիմին մեկնել էր Թուրքիա, հանդիպել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի հետ։

Ավելի վաղ՝ օգոստոսին, քրդերի անկախության հանրաքվեն քննարկելու համար Թուրքիա էր մեկնել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի այցը Իրան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *