Հոկտեմբերի 3-13-ին Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ անդամ երկրների «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները: Այս վարժանքները հոկտեմբերի 3-ից նոյեմբերի-20-ը Ռուսաստանի, ՀՀ, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում անցկացվելիք խոշոր զորավարժության մաս են կազմում: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է ՀԱՊԿ կայքը:
Հոկտեմբերի 3-20-ին ՀԱՊԿ նշված երկրների տարածքներում կանցկացվեն համատեղ «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության տարբեր փուլերը:
«Որոնում-2017»
Կանցկացվի հոկտեմբերի 3-7-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի 5 տարբեր զորավարժարաններում: Այս փուլում կխաղարկվի ռազմական հակամարտության լուծման գործողություն: Մարտավարա-մասնագիտական վարժանքներին կներգրավվեն ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումներ:
«Փոխգործակցություն-2017»
Հոկտեմբերի 9-13-ին՝ ՀՀ տարածքում: Այս զորավարժությունը «Որոնում-2017» վարժանքների տրամաբանական շարունակությունն է: Զորավարժությանը կներգրավվեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և Հայ-ռուսական համատեղ զորախմբի մի մասը:
Զորավարժության 2-րդ և 3-րդ փուլեր. «Անքակտելի եղբայրություն-2017»
Այս փուլում կխաղարկվեն հետկոնֆլիկտային կարգավորման առաջադրանքներ: «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը կանցկացվի հոկտեմբերի 16-22-ին՝ Ղազախստանի 2 զորավարժարաններում. կներգրավվեն ՀԱՊԿ խաղաղապահական ուժերը:
«Մարտական եղբայրություն-2017» խոշոր զորավարժության վերջին փուլը կանցկացվի Տաջիկստանի տարածքում՝ նոյեմբերի 10-20-ին: Վարժանքներին կներգրավվեն կառույցի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը:
ՀԱՊԿ հաղորդագրությունում նշվում է, որ առաջին անգամ բոլոր վարժանքները կանցկացվեն մեկ ընդհանուր մտահաղացման շրջանակներում՝ ընդհանուր ռազմաքաղաքական ֆոնին: Նախատեսվում է մշակել՝
- Հետախուզության կազմակերպման և անցկացման, հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակամարտության տեղայնացման գործողություններ,
- Կառույցի անդամ չհանդիսացող պետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահական ուժերի միջոցով խաղաղության պահպանման համար գործողության նախապատրաստում և իրականացում,
- Լեռնային-անապատային տարածքներում ռազմական գործողությունների իրականացման նոր ձևերի և միջոցների մշակում:
Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ 2017 թ. կոլետկտիվ անվտանգության համակրգի ուժերի և միջոցների ղեկավարման և կառավարման օրգանների համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության մշակման պլանի հիման վրա:
Զորավարժությանը կներգրավվեն ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ոստիկանության և ԶՈւ ստորաբաժանումներ, ներիքն գործերի նախարարությունների հատուկ նշանակության ուժեր, Ղազախստանի Ազգային գվարդիայի և ՌԴ Ռոսգվարդիայի ուժեր, արտակարգ իրավիճակների չեզոքացման ստորաբաժանումներ:
Վարժանքներին ներգրավվելու է շուրջ 12 հազար անձնակազմ, 1500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 90 միավոր ավիացիա, թռչող սարքեր: