Սովետական «Բիզոնը» և ԱՄՆ ռմբակոծիչային հետամնացության միֆը

Վերջերս կարդացի Սառը պատերազմում ԽՍՀՄ կիրառած ռազմավարական հետաքրքրաշարժ մի խորամանկության մասին։ Այդ միջադեպի մասին լրացուցիչ տվյալներ հավաքելու ընթացքում պարզվեց, որ այն իրականում ավելի «բազմաշերտ» ու հետաքրքիր է, քան թվում էր առաջին հայացքից։

Ահա այդ պատմությունը. 1950-ականներին Մոսկվայում ավիաշքերթի ժամանակ արևմտյան դիվանագետները տեսնում են ցածր թռչող խորհրդային բազմաթիվ նոր ծանր ռմբակոծիչները: Դրանց քանակն ապշեցնում է արտասահմանցիներին: Իրականում մի քանի ռմբակոծիչ պտույտ էր գործում՝ մի քանի րոպեն մեկ հայտնվելով օտարերկրյա դիտորդների աչքին: Այս խորամանկության միջոցով Խորհրդային Միությունը տպավորություն ստեղծեց, թե պատրաստվում է հզորացնել ռազմավարական ավիացիան՝ կենտրոնանալով գերծանր ռմբակոծիչների արտադրության վրա, երբ իրականում նույն ժամանակ ընտրել էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրությունը զարգացնելու ուղին: Ենթադրվում է, որ խաբեությունը հաջողվեց, քանի որ Միացյալ Նահանգները կենտրոնացան ռազմավարական ավիացիայի և ՀՕՊ զարգացման վրա՝ «հետ գցելով» հրթիռաշինությունը։

Այս պատմությանը ծանոթանալուց հետո հետևյալ հարցերն առաջացան.

  • Արդյոք և´ ամերիկյան, և´ ռուսական աղբյուրները հաստատո՞ւմ են այս պատմությունը։
  • Սովետական կոնկրետ ո՞ր ռմբակոծիչն է ներկայացվել ավիաշքերթի ժամանակ։ Այդ միջոցառման մասին է´լ ի՞նչ է հայտնի։
  • Եւ ամենակարևորը. արդյոք ռազմական այս խորամանկությունն իսկապե՞ս հաջողվել էր և իսկապե՞ս դրդել է ամերիկացիներին փոխել ռազմարդյունաբերության զարգացման պլանները։

Մի քանի ժամ տևած որոնումներից հետո գտնվեցին այս պատմությունը հաստատող թե´ ամերիկյան և թե´ ռուսական աղբյուրներ, որոնց կարելի է բավականաչափ հուսալի համարել։ Փաստորեն առաջին հարցի պատասխանը դրական է. պատմությունն իրական է։

Տուշինոյի ավիաշքերթն ու ռեակտիվ «Բիզոնները»

1955 թվականին մայիսմեկյան զորահանդեսի փորձերի ժամանակ արտասահմանյան դիվանագետները, որոնց թվում էր նաև ամերիկյան ռազմական կցորդը, տեսնում են երկնքում 12–20 [Մանքեն; Ֆրիդման] հատ սովետական ռեակտիվ Մ-4 տիպի ռազմավարական ռմբակոծիչներ (ՆԱՏՕ անվանումը՝ Bison), իսկ մոտ երկու ամիս անց մերձմոսկովյան Տուշինոյում անցկացրած ավիաշքերթի ժամանակ՝ 19 «Բիզոն»։

Տուշինոյի ավիաշքերթի համար ռուսական աղբյուրները նշում են 18 [Ավգուստինովիչ] և 19 [Սմիռնով, Պոպլևինա] ինքնաթիռ։ Ընդ որում Տուշինոյի ավիաշքերթին անձամբ ներկա եղած Ավգուստինովիչը գրում է, որ «ասեկոսեների համաձայն» Տուշինոյում 6 հատ Մ-4 է օդանավակայանի վրայով երեք շրջան գործել, ստեղծելով 18 ռմբակոծիչի տպավորություն։ Ամերիկյան աղբյուրներում խոսվում է երկու անգամ շրջան գործած 10 ինքնաթիռների մասին, որոնք առաջին շրջանից հետո վերախմբավորվել են նոր խմբաքանակի տպավորություն ստեղծելու համար, ընդ որում երկրորդ շրջանի ժամանակ ինքնաթիռների թիվը մեկով պակաս էր։

Ավելացնեմ, որ «Բիզոնի» առաջին օրինակը ներկայացվել էր դրանից մեկ տարի առաջ՝ 1954-ի մայիսմեկյան շքերթին։ Այն ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) ենթադրել էր, որ գործ ունեն ընդամենը փորձնական մոդելի հետ, սակայն մեկ տարի անց նույն ինքնաթիռի 12–20 օրինակի օդում հայտնվելը կարող էր խոսել միայն այն մասին, որ ԽՍՀՄ-ը լուրջ ներդրումներ է անում և զարգացնում է ռազմավարական ռեակտիվ ավիացիան, ավելին՝ յուրացրել է դրանց սերիական արտադրությունը, ինչն այդ տարիներին կարող էր նշանակել, որ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ի միջուկային ռմբակոծում իրագործելու իրական շանսեր ունի։

1982թ.՝ Մ-4 «Բիզոն» ռեակտիվ ռազմավարական կործանիչն օդում։ Լուսանկարը՝ defenseimagery.mil

1982թ.՝ Մ-4 «Բիզոն» ռեակտիվ ռազմավարական կործանիչն օդում։ Լուսանկարը՝ defenseimagery.mil

Բացի այդ նույն ավիաշքերթին առաջին անգամ ցուցադրվել էր նաև Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը (ՆԱՏՕ անվանումը՝ Bear)։

Ռմբակոծիչային հետամնացության միֆը

Արդյո՞ք ԽՍՀՄ ռազմական խորամանկությունը կարելի է հաջողված համարել և արդյո՞ք այն լուրջ ազդեցություն ունեցավ ամերիկացիների ռազմարդյունաբերական պլանների վրա։

Ֆրիդմանի համաձայն ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հետախուզությունը զգալիորեն ավելացրեց ԽՍՀՄ տրամադրության տակ արդեն եղած Մ-4 ռմբակոծիչների հավանական թիվը՝ մինչև 80–100 հատ և կանխատեսում արեց, որ Խորհրդային Միությունը 1959 կեսերին կունենա արդեն 600–700 «Բիզոն»։

Այս կանխատեսումները հիմք դարձան ամերիկյան քաղաքական ու ռազմական որոշ շրջանակներում (մասնավորապես՝ ՌՕՈՒ-ում) այսպես կոչված «ռմբակոծիչային հետամնացության» (bomber gap) միֆի առաջացմանը, համաձայն որի Միացյալ Նահանգները կարող էին լրջորեն զիջել Խորհրդային Միությանը ծանր ռմբակոծիչների քանակով։

Սակայն բանակային և նավատորմի հետախուզությունն, ինչպես նաև ԿՀՎ-ն այդքան էլ տպավորված չէին այդ սարսափազդու կանխատեսումներով։ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը նույնպես չէր շտապում հավատալ խորհրդային ռազմավարական օդուժի մասին նորահայտ սենսացիոն տվյալներին։

Եւ մեկ տարի էլ չանցած ամերիկյան հռչակավոր U-2 հետախուզական ինքնաթիռից ԽՍՀՄ տարածքի նկարահանումների շնորհիվ պարզվեց, որ իսկապես ռազմավարական ռմբակոծիչների առումով խորհրդային հնարավորությունները շատ ավելի համեստ էին, քան նախապես ենթադրվում էր։ Հաջողվեց նաև ճշտել այդքան աղմուկ հանած Մ-4 ռմբակոծիչների իրական թիվը. մոտ երեսուն հատ՝ ենթադրյալ հարյուրի փոխարեն։

Ամերիկյան աղբյուրները նշում են, որ ռմբակոծիչային հետամնացության միֆի կարճատև, բայց աղմկոտ գոյության իրական պատճառը ոչ այնքան խորհրդային «հաջողված» խորամանկությունն էր, այլ ԱՄՆ ներքաղաքական զարգացումները. մի կողմից ռազմական խոշոր ընկերությունները ՌՕՈՒ միջոցով փորձում էին բյուջեից ավելի մեծ գումարներ պոկել նորանոր ծանր ռմբակոծիչների արտադրության համար, մյուս կողմից էլ Էյզենհաուերին ընդդիմադիր դեմոկրատները առիթը բաց չէին թողնում քննադատելու գործող նախագահին խորհրդային սպառնալիքին բավականաչափ ուշադրություն չդարձնելու համար։ Բնական է, որ երկու խումբն էլ շահագրգռված էր ինչքան հնարավոր է ուռճացնել այս և դրան հետևած «հրթիռային հետամնացության» միֆերը։

Ավելին, քանի որ U-2 հետախուզական ինքաթիռի գոյությունը հույժ գաղտնի էր, ապա նույնիսկ իմանալով խորհրդային ծանր ռմբակոծիչների իրական քանակը՝ Էյզենհաուերը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով զերծ է մնում այդ տվյալների՝ քաղաքական պայքարում որպես հակափաստարկ օգտագործելիս։ (Այդ ինքնաթիռի գոյությունը բացահայտվում է միայն 1960 թ. մայիսին, երբ սովետական ՀՕՊ ուժերին հաջողվում է վայր գցել ինքնաթիռը և գերեվարել օդաչուին)։

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ «ռմբակոծիչային հետամնացության» միֆն ու Ամերիկայում ծանր ռմբակոծիչների արտադրության մեծ ծավալները պայմանավորված էին ավելի շատ ներքին քաղաքական ու կորպորատիվ գործոններով, քան 1955 թվականի Տուշինոյի օդային շքերթի ժամանակ կիրառված ռազմական-ռազմավարական խորամանկության արդյունավետությամբ։

Սառը պատերազմի տարիների ԱՄՆ-ԽՍՀՄ դիմակայության թեմայով տե´ս նաև. ԽՍՀՄ քաղաքները՝ ԱՄՆ միջուկային հարվածների թիրախ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *