ԽՍՀՄ քաղաքները՝ ԱՄՆ միջուկային հարվածների թիրախ

Երկրորդ աշխարհամարտը դեռ պաշտոնապես չավարտված Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական այնքան տարաձայնություններ ունեին, որ արդեն 1945-ի օգոստոսին գրեթե պատերազմի եզրին էին:

Ելնելով 1945թ. ստեղծված իրադրությունից՝ ԱՄՆ ռազմական ղեկավարությունը, սկսում է ամենայն լրջությամբ քննարկել պատերազմը շարունակելու տարբերակը, այս անգամ արդեն` իր երբեմնի դաշնակցի դեմ: Այդ ժամանակաշրջանի բազմաթիվ իրադարձություններ տասնամյակներ շարունակ գաղտնի են պահվել, սակայն վերջին տարիներին հրապարակված նյութերը հայտնում են, որ Ստալինը ևս չէր բացառում Արևմուտքին, մասնավորապես` ամերիկացիներին հարվածելու տարբերակը:

Այս բարդ իրավիճակում առավելությունն Ամերիկայինն էր, քանի որ 1945թ. ամռանն ամերիկյան զինվորականները փորձարկել էին միջուկային ռումբը, իսկ օգոստոսին ճապոնական Հիրոշիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբակոծությունը աշխարհին ցույց էր տվել նոր զենքի ավերիչ ուժը:

1945թ. ամռան վերջին ԱՄՆ զինվորականները ոչ միայն քննարկում էին ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու հնարավորությունը, այլև արդեն կազմել էին խորհրդային այն քաղաքների ցանկը, որոնք պետք է միջուկային հարձակման թիրախ դառնային: Որոշված էր նաև Խորհրդային Միությունը շրջապատող ամերիկյան ռազմակայանների ցանկը, որտեղ նախանշված էր, թե որ թիրախը որ ռազմակայանից է նպատակահարմար խոցել:

Ամերիկյան պատմաբան Ալեքս Վելերսթեյնը վերջերս իր բլոգում հրապարակեց գաղտնազերծված քարտեզներ ու փաստաթղթեր` ԽՍՀՄ օբյեկտներին միջուկային հարվածներ հասցնելու պլանների մասին։ Դրանք վերցված էին ամերիկյան գեներալ Լեսլի Գրուվեի գործից:

Գրուվեն ամերիկյան բանակի ինժեներական զորքերի սպա էր, ղեկավարել է Պենտագոնի կառուցումը: Սակայն նա առավել հայտնի է որպես ԱՄՆ միջուկային ռումբի ստեղծման աշխատանքների` այսպես կոչված, «Մանհեթեն» ծրագրի ղեկավար:

Գեներալ-մայոր Լեսլի Գրուվե

Գեներալ-մայոր Լեսլի Գրուվե

Գրուվեի թղթերում կար նաև մեկ այլ ամերիկյան գեներալ՝ Քերտիս Լեմեյի հաշվարկները Միացյալ Նահանգներին անհրաժեշտ միջուկային ռումբերի քանակի վերաբերյալ:

Լեմեյը ռազմավարական ռմբակոծման սկզբունքի «պիոներներից» էր։ Ռազմավարական ռմբակոծումը տոտալ պատերազմի ռազմավարություն է, ուր շեշտը դրվում է ոչ այնքան հակառակորդի զինուժի ոչնչացման, այլ նրա տնտեսական կարողությունները ոչնչացնելու և դիմադրելու կամքը կոտրելու վրա։ Այդ ռազմավարությունը լայնորեն կիրառվել է երկրորդ համաշխարհային պատերազմի թե´ եվրոպական, թե´ խաղաղօվկիանոսյան թատերաբեմում (օրինակ՝ Դրեզդենի ռմբակոծումը, Հիրոշիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները):

ԱՄՆ ռմբակոծիչների հարվածի ուղղությունները

ԱՄՆ ռմբակոծիչների հարվածի ուղղությունները

Այս քարտեզը Լեմեյի հաշվարկներից է. մուգ շերտերը Բ-29 ռմբակոծիչների գործունեության շրջանակներն են: Հենց այդ ինքնաթիռներն էին 1945թ. օգոստոսին տեղափոխել Հիրոշիման ու Նագասակին ավերակների վերածած «Հաստլիկ» և «Պստլիկ» միջուկային ռումբերն ու կարող էին թռիչքներ իրականացնել Խորհրդային Միությունը շրջապատող ԱՄՆ և դաշնակիցների բոլոր ռազմակայաններից` Ստավանգերից (Նորվեգիա), Բրեմենից (Գերմանիա), Ֆոգիայից (Իտալիա), Կրետեից, Դհահրանից (Սաուդյան Արաբիա), Լահորից (Պակիստան), Օկինավայից (Ճապոնիա) և այլ վայրերից:

Ավելի լայն շերտերը նախանշված էին Բ-36S ռմբակոծիչների համար: Ուշագրավ է, որ դրանք այդ ժամանակ դեռ ստեղծման փուլում էին (առաջին փորձարկումն արվել է 1946 թ. օգոստոսին), սակայն արդեն նախատեսված էր դրանց կիրառումը ԽՍՀՄ միջուկային ռմբակոծման համար:

1945թ. սեպտեմբերի 15-ին ամերիկյան բանակի օդուժի գեներալ-մայոր Լորիս Նորսթադը հույժ գաղտնի գրությամբ Գրուվեին է ուղարկում բանակին անհրաժեշտ միջուկային ռումբերի հաշվարկը: Գրության նախաբանում նշված էր, որ Միացյալ նահանգները պետք է պատրաստ լինեն աշխարհի ցանկացած պետության կամ պետությունների միության դեմ հարձակողական պատերազմ մղելու:

Փաստաթղթում համառոտ անդրադարձ էր արված նաև միջուկային ռումբի ստեղծմանը: Նշված էր, որ թեև ընդամենը երկու ռումբ է նետվել ճապոնական քաղաքների վրա, սակայն տեղանքի լուսանկարները վկայում են ռմբակոծության բարձր արդյունավետության մասին: Ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ ավերածության շառավիղը մոտ 7000 ոտնաչափ էր (մոտավորապես` 2,1 կմ):

Նորսթադի գրության մեջ նշված էին «նոր ռումբի» առանձնահատկությունները. այն շատ թանկ է, չի կարող զանգվածաբար արտադրվել, պահպանության և տեղափոխման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ և պատրաստված անձնակազմ:

Հավանական հակառակորդի ռազմավարական կենտրոնները խոցելու համար, ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ն պետք է ունենար բավարար թվով ռազմակայաններ և օդուժ, իսկ բանակի օդուժի նպատակն էր հակառակորդի կամքի և դիմադրելու ունակության արագ ոչնչացումը:

1945թ. աշնանը աշխարհի ոչ մի երկիր, բացառությամբ Խորհրդային Միության, չէր կարող իրական սպառնալիք լինել Միացյալ Նահանգների համար և հասկանալի է, որ գրության մեջ նշված «հավանական հակառակորդը» հենց ԽՍՀՄ-ն էր: Այդ պատճառով փաստաթղթում առանձնացված էին խորհրդային քաղաքները, որպես առաջնային և երկրորդական նշանակություն ունեցող թիրախներ:

Քաղաքներն ընտրված էին ըստ իրենց ռազմական և տնտեսական կարևորության. մասնավորապես, առանձնացված քաղաքներում էին կենտրոնացված ռուսական օդուժի 95, տանկերի` 97, հրետանու` 73, մեքենաների` 88, պողպատի արտադրության 45, նավթի վերամշակման գործարանների 95 տոկոսը:

Հիմնական ցանկում առանձնացված էր առաջին կարևորության 15 և երկրորդական կարևորության ևս 25 քաղաք, որոնք պատերազմի դեպքում պետք է միաժամանակ ոչնչացվեին: Ընդ որում, երեք ռումբը բավարար էր համարվում այն ժամանակվա չափանիշներով խոշոր քաղաքը «երկար ժամանակով քաոսի վերածելու համար»։

Ցանկում նշված քաղաքներից 4-ի համար հաշվարկված էր երկուական, իսկ մնացածների համար` մեկական միջուկային ռումբ:

Միջուկային հարվածի առաջնային թիրախները ԽՍՀՄ-ում

Միջուկային հարվածի առաջնային թիրախները ԽՍՀՄ-ում

Ռուսաստանի տարածքում որպես առաջնային թիրախներ ընտրված էին Մոսկվա, Գորկի, Կազան, Սարատով, Կույբիշև, Սվերդլովսկ, Օմսկ, Նովոսիբիրսկ և այլ քաղաքներ: Կովկասյան տարածաշրջանում առանձնացված էին Գրոզնին, Թբիլիսին, Բաթումը և Բաքուն:

Միջուկային հարվածի երկրորդական թիրախները ԽՍՀՄ-ում և Մանջուրիայում

Միջուկային հարվածի երկրորդական թիրախները ԽՍՀՄ-ում և Մանջուրիայում

Ակնհայտ է, որ այդ քաղաքների միաժամանակյա ոչնչացումը աղետալի հետևանքներ կունենար ԽՍՀՄ-ի համար:

Գրության վերջում հաշվարկված էր, որ նվազագույն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 123, իսկ օպտիմալ արդյունքների համար` 466 միջուկային ռումբ:

Վելերսթեյնը պարզաբանում է, որ Գրուվեն հավանություն չի տվել այս ծրագրին՝ պատճառաբանելով, որ ռումբերի քանակն ուռճացված է, իսկ հզորությունը` թերագնահատված: «Քաղաքի արդյունավետությունը վերացնելու համար պարտադիր չէ այն ամբողջությամբ ոչնչացնել: Հիրոշիման որպես քաղաք այլևս գոյություն չունի, թեև ավերածության մակերեսը ավելի փոքր է, քան քաղաքինը», — եզրակացրել էր Գրուվեն:

Նշենք սակայն, որ 1945 թ. աշնան դրությամբ Խորհրդային Միությանը հարվածելու պլանն իրագործելի չէր, քանի որ Ամերիկան այդ ժամանակ ուներ ընդամենը մի քանի ատոմային ռումբ։ Դա բավական չէր մեկ հարվածով ԽՍՀՄ ռազմական ու տնտեսական պոտենցիալը ոչնչացնելու համար։

Մեկ այլ հրապարակված փաստաթղթից` ԱՄՆ գեներալ Ջոն Հուլի և գնդապետ Սիմանի հեռախոսազրույցի սղագրությունից հասկանալի է դառնում, որ 1945թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ամերիկյան բանակը կարող էր ստանալ միջուկային ռումբ ոչ ավելի հաճախ քան տաս օրը մեկ:

Թերևս կային նաև բազմաթիվ այլ ռազմական ու քաղաքական պատճառներ, որոնք 1945թ. աշնանը ստիպեցին ամերիկացիներին զերծ Խորհրդային Միության հետ միջուկային պատերազմ սկսելուց: Իսկ 1949 օգոստոսի 29-ին ԽՍՀՄ-ն իրականցրեց միջուկային զենքի առաջին փորձարկումը՝ դրանով ցույց տալով, որ այսուհետ ի վիճակի է նաև պատասխան հարվածներ հասցնել։

Աղբյուրներ`
The Third Shot and Beyond (1945)
The First Atomic Stockpile Requirements (September 1945)
Targeting the USSR in August 1945

One response to “ԽՍՀՄ քաղաքները՝ ԱՄՆ միջուկային հարվածների թիրախ

  1. Pingback: Սովետական «Բիզոնը» և ԱՄՆ ռմբակոծիչային հետամնացության միֆը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *