«Իսլամական պետության» զինյալները սպանել են գերեվարած իրանցի զինծառայողին

Օգոստոսի 8-ին  սիրիա-իրաքյան սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են 2 օր առաջ գերեվարած 25-ամյա իրանցի զինծառայող Մոհսեն Հոջաջիին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Մոհսեն Հոջաջին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Իրանի Սպահան նահանգի Նաջաֆաբադ քաղաքում տեղակայված 8-րդ զրահատանկային դիվիզիայի զինծառայող էր։

ԻՊ կողմից գերեվարված և սպանված իրանցի զինծառայող Մոհսեն Հոջաջին

ԻՊ կողմից գերեվարված և սպանված իրանցի զինծառայող Մոհսեն Հոջաջին

Ավելի վաղ Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչներ դեմ մղած մարտերի ժամանակ զոհվել էր Իրանի բանակի ցամաքային ուժերի զինծառայող։

Իրանը համարվում է Իրաքի և Սիրիայի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, բայց իրանական կոմղը մշտապես հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այս երկրներում և իր օգնությունը որակում է որպես «խորհրդատվական»։ Իսկ Սիրիայում և Իրաքում զոհվող իրանցի մարտիկները, ըստ Իրանի, կամավորներ են։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԻՊ դեմ պայքարի շրջանակներում «Իրանը հոգացել է Սիրիայի կարիքները»։

Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *