Հունիսի 18-ին Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել է իրանցի զինծառայող Համիդ Ղանադփուրը։ Ղանադփուրը Իրանի Ահվազ քաղաքից էր, Սիրիայում բժշկական առաքելություն էր իրականացնում։ Այս մասին հունիսի 20-ին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Սիրայում սպանվել էր ևս մեկ իրանցի զինծառայող։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 6 միավոր «մակերևույթ-մակերևույթ» դասի, միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռ էր արձակել Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։
Հրթիռներն արձակվել էին Իրանի արևմտյան Քերմանշահ և Քուրդիստան նահանգների ԻՀՊԿ բազաներից։ ԻՀՊԿ մամուլի ծառայության խոսնակ Ռամզան Շարիֆի խոսքերով՝ Իրանի գործողությունները համաձայնեցվել են Սիրիայի կառավարության հետ։ Հրթիռներն անցել են Իրաքի տարածքով և խոցել են ԻՊ հրամանատարական կետը և զինանոցները։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ Իրանի այս քայլը Թեհրանի ահաբեկչական հարձակումների պատասխանն էր, և այն զգուշացում էր ոչ միայն «Իսլամական պետության», այլև նրա տարածաշրջանային և արտատարածաշրջանային հովանավորների համար։
Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը, և չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում՝ այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ: