Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի զինծառայող

Հունիսի 12-ին Սիրիայում սպանվել է իրանցի զինծառայող Հեյդար Ջալիլավանդը։ Զինծառայողը ծնունդով Իրանի հյուսիսային Քարաջ քաղաքից էր։ Նշվում է, որ Ջալիլավանդը Սիրիա մեկնել է որպես կամավոր։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Հեյդար Ջալիլավանդը

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Հեյդար Ջալիլավանդը

Ավելի վաղ Սիրիայում սպանվել էր ևս մեկ իրանցի  զինծառայող։

Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են  զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Ավելի վաղ  Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է նաև դիտորդներ ուղարկել Սիրիա՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկման համար:

Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ: Մասնավորապես պակիստանցիներից կազմվել է «Զեյնաբիյունի», իսկ աֆղանցիներից՝ «Ֆաթեմյունի» ջոկատները։

Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել: Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:

Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *