Հունիսի 19-ին Ֆրանսիայի «Լե-Բուրժե» ավիացուցադրությանը իտալական Leonardo ընկերությունը ներկայացրել է իր HERO անօդաչու ուղղաթիռի վրա տեղադրված, փոքր տարածությունների համար նախատեսված Gabbiano ռադարի 24 կգ-ոց նոր տարբերակը: Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը:
HERO անօդաչու ուղղաթիռը կշռում է 100 կգ, իսկ օգտակար բեռնատարողությունը 50 կգ է: Թռիչքի առաստաղը 3 կմ է: Սարքը կարող է զարգացնել առավելագույը 90 կմ/ժ արագություն: Օդում կարող է մնալ մինչև 5 ժամ:
Ըստ ալեհավաքների տեսակի՝ Gabbiano ռադարների ընտանիքը բազմազան է՝ ամենափոքրից (24 կգ) մինչև 62 կիլոգրամանաց տարբերակը: Այս ռադարները կարող են տեղադրվել տարբեր թռչող սարքերի վրա:
Ռադարները ունակ են հետևել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովի մակերևույթի վրա գտնվող թիրախներին: Ռադարները կարող են հագեցվել նաև «օդ-օդ» ռեժիմով թիրախներին հետևելու համակարգով: ԱԹՍ-ի վրա ռադարի տեղադրումը չի բացառում նաև օպտիկաէլեկտրոնային համակարգերի կիրառումը:
Նշենք, որ սա ԱԹՍ-ի վրա վերահսկման և կառավարման համակարգերի տեղադրման առաջին փորձը չէ: Այս տարվա մարտին սկանդինավյան Patria և ավստրիական Schiebel ընկերությունները ներկայացրել էին կապի և տվյալների փոխանցման հավաք համակարգով հագեցած Camcopter S-100 ԱԹՍ-ն:
Հայաստանում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում փոքր անօդաչու ուղղաթիռների մշակման ուղղությամբ: ArmHiTec-2016 ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է ուղղաթիռային տիպի ՈւՀ-01 հայկական անօդաչու թռչող սարքը, որը իր տեխնիկական հատկանիշներով մոտ է ավստրիական S-100-ին: