Սկանդինավյան Patria և ավստրիական Schiebel ռազմարդյունաբերական ընկերությունները աշխատում են ավստրիական Camcopter S-100 անօդաչու ուղղաթիռի հիմքի վրա տվյալների փոխանցման հավաք համակարգի (Compact Airborne Networking Data Link) ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական ռազմաքաղաքական Jane’s հանդեսը:
Աշխատանքները տարվում են մարտական պայմաններում բոլոր մակարդակներում ԱԹՍ-ների և ուղղաթիռների/ինքնաթիռների համագործակցության զարգացման համար: Նշվածը, մասնավորապես, վերաբերում է հակառակորդի տարածքում հետախուզական գործողություններին, որոնք սովորական ուղղաթիռների համար ավելորդ վտանգ կստեղծեն: Այդ պարագայում գործածվում են փոքր անօդաչու սարքեր, որոնք կարող են ոչ միայն տեղեկություններ փոխանցել, այլև անմիջականորեն հարվածել թիրախներին:
Տվյալների փոխանցման հավաք համակարգը հնարավորություն է տալիս այլ կապ ստեղծել այլ ԱԹՍ-ների և վերգետնյա կայանների միջև:
Նշենք, որ Հայաստանում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում փոքր անօդաչու ուղղաթիռների մշակման ուղղությամբ: ArmHiTec-2016 ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է ուղղաթիռային տիպի ՈւՀ-01 հայկական անօդաչու թռչող սարքը, որը իր տեխնիկական հատկանիշներով մոտ է ավստրիական S-100-ին: