Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած համաֆինանսավորման գծով պարտավորություններով Հայաստանը 2 մլն 106 հազար դրամ գումար կփոխանցի Ռուսաստանին: Այս մասին որոշվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի հերթական նիստում, հայտնում է կառավարության կայքը։
Գումարի աղբյուր են ծառայելու ՀՀ 2016-ի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու գծով (N 757-Ն) որոշմամբ խնայված միջոցները, ինչպես նաև վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ծրագրի համաֆինանսավորման տնտեսված միջոցները:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ի ՀՀ կառավարության որոշումներից մեկով նախատեսվում էր Ռուսաստանից սպառազինություն գնելու համար նախատեսված վարկը ստանալու համար հատկացնել կանխավճար։
Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հավելենք, որ քիչ թե շատ վստահորեն կարելի է պնդել, որ ՀՀ ԶՈւ «Իսկանդերները» ձեռք են բերվել ռուսական 200 մլն. դոլար վարկից դուրս, քանի որ այդ միջոցներով ձեռք բերվելիք սպառազինության հրապարակված ցանկում «Իսկանդերի» մասին ոչինչ չկա։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում 2015-ի հուլիսի խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը սպառազինությունը գնելու է արտոնյալ պայմաններով, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը կնքվել է դեռևս 2013-ի հունիսի 25-ին: Հետագայում երկու երկրներն էլ վավերացրել են պայմանագիրը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info