Պակիստանը 50 ուսումնական ինքնաթիռ կվաճառի Թուրքիային

Նոյեմբերի 23-ին Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերությունը և Թուրքիայի ռազմաօդային ուժերը համաձայնություն են կնքել, որով պակիստանյան ընկերությունը թուրքական օդուժին է փոխանցելու 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Կողմերի համաձայնությունը ձեռք է բերվել Պակիստանի Կարաչի քաղաքում անցկացվող IDEAS ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում:

Հոկտեմբերին՝ Պակիստանի վարչապետի՝ Ադրբեջան այցի ժամանակ լրատվամիջոցները հայտնում էին, որ ադրբեջանական զինված ուժերը նույնպես հետաքրքրված են ինչպես այս ինքնաթիռների, այնպես էլ JF-17 թեթև կործանիչների գնումով, սակայն հստակ պայմանավորվածությունների մասին հաղորդումներ չեն եղել:

Պակիստանյան The Express Tribune լրատվակայքի հաղորդմամբ՝ ինքնաթիռների համար Թուրքիան ընդհանուր առմամբ վճարելու է մոտ 50 մլն ամերիկյան դոլար: Իսկ ինքնաթիռները թուրքական օդուժին են փոխանցվելու 3 տարվա ընթացքում:

Թուրքիային վաճառվող ուսումնական ինքնաթիռը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ականներին Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է: Պակիստանից բացի, այս ինքնաթիռներից իրենց զինված ուժերում կիրառում են նաև Իրանը, Իրաքը, Օմանը և Սաուդյան Արաբիան:

MFI-17 Super Mushshak ինքնաթիռի անձնակազմը 2 կամ 3 հոգի է: Թռիչքի տևողությունը մինչև 5 ժամ է, առավելագույն արագությունը՝ մինչև 238կմ/ժ: Սպառազինված է 7,62 մմ գնդացիրներով և 6 կախոցներին կարող է կրել չկառավարվող հրթիռներ և հակատանկային կառավարվող հրթիռներ:

Հիշեցնենք, որ մինչ այս՝ 2015-ի հոկտեմբերին կնքված պայմանագրով, Թուրքիան Պակիստանին է փոխանցել 34 միավոր Cessna T-37 ուսումնական ինքնաթիռներ:

Հեղինակավոր Flight Global ամերիկյան կայքի տեղեկություններով՝ Թուրքիան այս ինքնաթիռներն իր զինված ուժերի սպառազինությունից դուրս է բերել դեռևս 2009 թվականին: Դրանց փոխարեն թուրքական օդուժն օգտագործելու է հարավկորեական KAI KT-1 Woongbi ուսումնական ինքնաթիռները, որոնցից պատվիրել է 40 հատ և որոնցից 15-ը ստացել է ընթացիկ տարում:

Ինչ վերաբերում է Պակիստանին, այն ամերիկյան T-37 ինքնաթիռների վերջին երկու օպերատորներից մեկն է: Այս ինքնաթիռները ժամանակի ընթացքում հանվել են մյուս օպերատոր երկրների սպառազինությունից և հիմա առկա են Պակիստանի և Կոլումբիայի սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *