Խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ 200 մլն դոլարի սպառազինության գնումը Ռուսաստանից

Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ազգային ժողովը 98 կողմ (1 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների՝ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով Հայաստանին տրված գումարը օգտագործվելու է ռուսաստանյան արտադրության նոր սպառազինություն գնելու համար:

Հայկական զինուժի Ռ-17 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում

Հայկական զինուժի Ռ-17 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում

Համաձայնագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը Հայաստանին գումարը տրամադրելու է արտոնյալ պայմաններով՝ 13 տարի ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Իսկ հայկական կողմը գումարն օգտագործելու է 2015-2017 թվականներին ռուսաստանյան արտադրության նոր սպառազինություն գնելու համար: Խորհրդարանում քննարկումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ ձեռքբերվող սպառազինության ցանկում կա այնպիսի զինատեսակ, որից հայկական զինված ուժերի սպառազինությունում մինչ այս չի եղել: Արա Նազարյանն ավելացրել է, որ ցանկում կան նաև այնպիսի համակարգեր, որոնք կարող են լուծել սահմանային անվտանգության, մասնավորապես՝ հակադիվերսիոն խնդիրներ:

Խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդգծվել է նաև, որ Հայաստանը սպառազինությունը գնելու է արտոնյալ պայմաններով, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը կնքվել է դեռևս 2013-ի հունիսի 25-ին: Հետագայում երկու երկրներն էլ վավերացրել են պայմանագիրը:

Այն նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից սպառազինություն գնելու համար անմիջականորեն բանակցելու է արտադրող գործարանների հետ և սպառազինությունը գնելու է Ռուսաստանի ներքին գներով, առանց միջնորդների:

Հիշեցնենք նաև, որ սպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է հունիսի 26-ին՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ:

2 responses to “Խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ 200 մլն դոլարի սպառազինության գնումը Ռուսաստանից

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հրապարակվել է Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *