Իննօրյա մարտերից հետո Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Քունդուզ քաղաքը։ Այս մասին հայտնում է աֆղանական Khaama Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի կառավարական ուժերին։
Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը փոխանցում է, որ սպանվել է նվազագույնը 50 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 350֊ը։
Քունդուզի ոստիկանության պետ Մոհամմադ Մասում Հաշեմին հայտնում է, որ բացառությամբ որոշ թաղամասերի, քաղաքը զինյալներից մաքրելու գործողությունն ավարտվել է հոկտեմբերի 11-ի ուշ գիշերը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում հոկտեմբերի լույս 3-ի գիշերվանից «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը գրոհել է Քունդուզ քաղաքի վրա, նրանց հաջողվել է քաղաքի մի մասը գրավել, մարտերը ընթացել են փոփոխական հաջողություններով։ Իսկ մարտերի ութերորդ օրվա դրությամբ, ըստ ՄԱԿ֊ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցի, քաղաքը ստիպված է եղել լքել 32 հազար մարդ։
Իսկ մի տարի առաջ՝ սեպտեմբերի 28-ին թալիբները գրավել էին Քունդուզ քաղաքը։ Չնայած հոկտեմբերի 1-ին կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել Քունդուզը, քաղաքի գրավումը թալիբանների համար ամենախոշոր հաջողությունն է պատերազմի 15 տարիների ընթացքում։
«Թալիբանը» իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է։
Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.: «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 126 խաղաղապահ զինծառայողներով:
Pingback: Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել | Ռազմ.info