Տաջիկստանում ապրիլի 8-9 անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոմիտեի նիստում կքննարկվեն միասնական ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման, ինչպես նաև կառույցի զինված ուժերի մարտավարական ու ռազմական պատրաստությանն ուղղված վարժանքների անցկացման հարցեր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս հարցերից զատ՝ կառույցի անդամները քննարկելու են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կատարելագործմանը, ուսումնամեթոդական բազային կառույցների գործունեությանը վերաբերող հարցեր։
Քննարկման ժամանակ որոշվելու է նաև, թե ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կառույցների համագործակցությանն ուղղված՝ մինչև 2020թ. միջոցառումների պլանում հնարավոր ինչ փոփոխություններ են արվելու։
Տեղեկացնենք, որ դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 3-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորքերի հիման վրա նախատեսվում է ձևավորել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ։
Նշենք, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեն գործում է կառույցի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից։ Կոմիտեին կազմում են անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերն ու ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։
Pingback: Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը | Ռազմ.info