Ապրիլի 8-ին՝ Վրաստանի կառավարության նիստի ժամանակ, որոշվել է պետական ռազմական գիտահետազոտական «Դելտա» կենտրոնը դարձյալ հանձնել ՊՆ ենթակայության տակ։ Այս մասին, ըստ վրաստանյան «Грузия онлайн» լրատվամիջոցի, երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտնել է պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:
Մինչ այդ՝ 2014-ի մարտի 10-ին, Վրաստանի կառավարության որոշմամբ «Դելտա» գիտահետազոտական կենտրոնը պաշտպանության նախարարությունից անցել էր էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։ Դրանից հետո տարբեր մակարդակներում քննարկվում էր, որ «Դելտան» դադարեցրել է իր գործունեությունը։
Գործունեությունը չդադարեցնելու մասին մեկ անգամ ևս նշել է Ջանելիձեն, հայտնելով, որ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ էլ կենտրոնը շարունակել է գործել և արտադրանք տալ։ Պաշտպանության նախարարը ասել է նաև, որ քանի դեռ արտադրանքը չի փորձարկվել, հնարավոր չէ ասել, թե դրանից որն է հաջող ստացվել և որն անհաջող։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստել է, որ ՊՆ-ն զարգացնելու է ռազմարդյունաբերությունը՝ կենտրոնից պատվիրելով անհրաժեշտ տեխնիկա։
Հավելենք, որ «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ ՊՆ ենթակայության տակ՝ երկրի ուժային կառույցների համար անհրաժեշտ արտադրանք տալու համար։
«Դելտան» արտադրում է զրահապատ մեքենաներ, ԱԹՍ-ներ, ականանետեր, ինչպես նաև արդիականացնում և մոդիֆիկացնում է զինտեխնիկա։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 5 – 11 ապրիլի, 2015 | Ռազմ.info