ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` մայիսի 11-ին, այցելել է Իջևանում տեղակայված զորամասերից մեկը, որի մարտական հենակետում նախօրեին գրանցվել էր մահվան ելքով միջադեպ։ Օհանյանը եղել է դեպքի վայրում, անձամբ ծանոթացել միջադեպի հանգամանքներին, որից հետո անցկացրել է արտակարգ խորհրդակցություն ռազմական ոստիկանության՝ Իջևանի տարածքային բաժնում։
Նախարարին ներկայացրել են գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Սեյրան Օհանյանը ծառայողական քննության ողջ ընթացքը վերցրել է իր անմիջական հսկողության տակ` հանձնարարելով պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկություններն ու անել հնարավոր ամեն ինչ՝ դեպքը բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:
Հիշեցնենք՝ մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ առավոտյան ժամը 08։50-ի սահմաններում, Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է: