Հանրաքվե` Ուկրաինայի հարավ-արևելքում. թարմացվող լրահոս. մայիսի 11

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ  շրջաններում մայիսի 11-ին հանրաքվե է անցկացվում, որի ընթացքում բնակչությունը պետք է արտահայտի իր կամքը` մնալ Ուկրաինայի կազմում կամ հռչակել անկախություն։ Կիևի կենտրոնական իշխանություններն արդեն տևական ժամանակ փորձում են վերահսկողություն հաստատել ապստամբ շրջանների նկատմամբ ու խափանել  նշանակված հանրաքվեն, սակայն Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեն, այդուամենայնիվ, անցկացվում է։ Սպասվում է, որ ուկրաինական ուժայինների գործողություններն այսօր կլինեն առավել ակտիվ։

Երկրի հարավ-արևելյան շրջաններում ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցները Մարիուպոլ քաղաքում. 09.05.2014

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցները Մարիուպոլ քաղաքում. 09.05.2014

21:30-«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հատուկ թղթակից Իլյա Ազարինը հայտնել է, որ Կրասնոարմեյսկ քաղաքը լքելիս ազգային գվարդիայի զինծառայողներն իր աչքի առաջ սպանել են 1 հոգու, իսկ ևս 1-ը վիրավոր է։ Այն, որ Ազգային գվարդիան լքում է Կրասնոարմեյսկը նշում են նաև այլ լրատվամիջոցներ։

20:00-Դոնեցկի շրջանի Կրասնոարմեյսկ քաղաքում քվեարկությունը դադարեցնել ստիպած զինված անձինք Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողներն են։ Ներկայումս Ուկրաինայի ուժայինները վերահսկում են Կրասնոարմեյսկի բոլոր ընտրատեղամասերը։ Պետք է արձանագրել, որ սա հայտնի դարձած դեռևս առաջին դեպքն է, երբ Կիևի կենտրոնական իշխանություններին հաջողվում է որևէ կերպ խոչընդոտել մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում նշանակված հանրաքվեի անցկացմանը։

18:40” Մարիուպոլի քաղխորհրդի շենքում Երևանի ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում բռնկվել է հրդեհ, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է շենքի 4-րդ հարկը, որտեղ ընթանում էր քաղխորհրդի նիստ։ Նախանական տեղեկություններով տուժածներ չկան։

18:00” Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համանախագահ Ռոման Լյագինը տեղեկացրել է, որ զինված ահայտ անձինք ներխուժել են Կրասնոարմեյսկ քաղաքի քաղխորհրդի շենք, որտեղ ընթանում էին ընտրական հանձնաժողովի տեղական մարմնի աշխատանքները։ Ներկայումս քվեարկության գործընթացը Կրասնոարմեյսկում դադարեցվել է, քանի որ զինված անձինք վերահսկողություն են հաստատել նաև քաղաքում գործող գրեթե բոլոր ընտրատեղամասերի նկատմամբ։

17:00” Ճգնաժամային կառավարման կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին հայտնել է, որ ուժայինները շարունակում են հատուկ գործողությունների իրականացումը Կարմիր Լիման, Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներում։ Նա հավելել է, որ գործողություններում ներգրավված է ուժային տարբեր կառույցների թվով 8 օպերատիվ խումբ։

16:06 ” Իրավիճակն Ուկրաինայի այն շրջաններում, որտեղ հանրաքվեն է անցկացվում, շարունակում է համեմատաբար հանդարտ մնալ:

15:50 ” Ուկրաինայի ազգային գվարդիան տեղեկացնում է, թե ձերբակալել է երկու հոգու, ովքեր լրացված քվեաթերթիկներ էին տեղափոխում Դոնեցկի Նովոազովսկի շրջան: Ըստ ուկրաինական կողմի` իրենք լրացված քվեաթերթիկները հայտնաբերել են միկրավտբուսի մեջ, որով էլ վերոնշյալ երկու անձինք տեղափոխում էին դրանք:

15:20 ” Ուկրաինական ուժային կառույցներն խափանել են քվեաթերթիկների տեղափոխությունը Լուգանսկի մի քանի շրջաններ, ինչի հետևանքով հանրաքվեի անցկացումն անհնարին է դառնում: Ռուսաստանյան «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` քվեաթերթիկները չեն փոխանցվել Բելովոդսկի, Մարկովսկի, Սվատովսկի, Մելովսկի և Տրոիցկի շրջաններ:

15:00 ” Օդեսայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը: Մայիսի 11-ին հիվանդանոցում մահացել է 34-ամյա Եվգենի Լոսինսկին, ով որովայնի շրջանում հրազենային վիրավորում էր ստաել: Բժիշկները շուրջ 9 օր պայքարում էին նրա կյանքի համար:

13:51 ” Դոնեցկի շրջանում հանրաքվեին տեղի ժամանակով 11:20-ին (երևանյան ժամանակով` 12:20-ին)մասնակցել է ընտրողների շուրջ 30 տոկոսը: Լուգանսկի շրջանում տեղի ժամանակով 10:00-ին (երևանյան ժամանակով` 11:00-ին)  ընտրությանը մասնակցել է ընտրողների 22 տոկոսը:

13:50 ” Ուկրաինական «Ունիան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ուկրաինայի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկին, նշում է, որ Կրամատորսկում տեղի «ինքնապաշտպանական ուժերն» առևանգել են քաղաքի օդանավակայանի տնօրենին ու 3 աշխատակից, որոնք բոլորը կանայք են: Ավելի ուշ կանանցից մեկին ազատ են արձակել:

13:40 ” Դոնեցկի Պրոլետարսկի շրջանում ընտրատեղամասերից մեկում տղամարդը տրավմատիկ զենքով մի քանի անգամ առաստաղին է կրակել: Նրան կարողացել են չեզոքացնել և դուրս բերել ընտրական տեղամասից: Տղամարդու գործողություններից ոչ ոք չի տուժել: Ընտրատեղամասը շարունակում է աշխատանքը:

13:30 ”  Սլավյանսկի «ինքնապաշտպանության ուժերի ղեկավար» Իգոր Ստրելկովը հայտնել է, որ երեկ երեկոյան` ժամը 8:30-ի սահմանում «ազգային գվարդիան» հարձակվել է Անդրեևկայի ամրակետի վրա: Ինքապաշտպանական ուժերի կրակոցներից հետո, Կարաչունից ուղիղ նշանառությամբ հարվածել են տանկերն ու ԲՏՌ-ները: Ինքանպաշտպանական ուժերն ունեն 4 վիրավոր (վիճակը կայուն է), այրվել է մեկ ավտոմեքենա, որոշակի կորուստ կա զենքերի առումով: Գիշերը`  12:00-ից ինքնապաշտպանական ուժերը կրակ են բացել հետևակի մարտական մեքենաներից և «Նոնա» ինքնագնաց հրետանային համակարգից:  Նրանք խոցել են հեռուստաաշտարակն ու  հեռուստակենտրոնի շենքը:  Առավոտյան վիրավորների հետևից ուղղաթիռ է եկել, հակառակ կողմի կորուստների մասին դեռևս նորություն չկա:  Նույն աղբյուրը գրում է նաև, որ առավոտյան ամեն ինչ խաղաղ է եղել, արկեր էլ ունեն ավելին, քան պետք է:

12:45-Այս պահին Կարմիր Լիման քաղաքի տարածքային երկու հանձնաժողովների հետ կապ չկա: Ըստ նախնական տեղեկությունների` այդ վայրերում ուկրաինական ուժայինների և տեղի ինքնապաշտպանական ուժերի միջև ընդհարում է:  Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլիին: Բացի այդ, նշվում է, որ Լուգանսկի շրջանը անվտանգության առումով լուրջ խնդիրներ ունի:  Լուգանսկի հանրաքվեի հարցով մամուլի պատասխանատուներից մեկը նշել է, որ «շրջաններից մեկում «ազգային գվարդիան» վախեցնում է մարդկանց, զինտեխնիկաներով մի բնակավայրից մյուսն են գնում»:

12:00Մարիուպոլ քաղաքում մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հրդեհ է բռնկվել դատախազության շենքում։ Հրդեհի պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, սակայն ամենահավանական վարկածը հրկիզումն է։

11:30-Ուկրաինայի պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Սլավյանսկ քաղաքում ծայր առած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է զինված ուժերի 1 զինծառայող, ում ուղղաթիռով տեղափոխել են հոսպիտալ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնուն։

11։00-Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի ուժային կառույցները հարձակվել են ինքնապաշտպանական ուժերի միանգամից մի քանի հենակետերի վրա։ Գրոհի ժամանակ օգտագործվել են ինչպես հրազեն, այնպես էլ ականանետեր։ Ուժայիններին չի հաջողվել մտնել քաղաք, թեպետ ստույգ հատյնի չէ, թե արդյոք նման առաջադրանք եղել է։ Պետք է նշել նաև, որ ականանետային կրակ վարել են միայն հենակետերի ուղղությամբ։ Այս պահին հասանելի տեղեկատվության համաձայն` քաղաքի բնակելի մասում ականներ չեն ընկել։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտնել է, որ գիշերային մարտերի ընթացքում զոհեր չեն գրանցվել։ Այս պահի դրությամբ իրավիճակը Սլավյանսկում քիչ թե շատ հանդարտ է, հանրաքվեն մեկնարկել է նախանշված ժամին։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *