ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա նահանգի Ալ-Մալիքիյա բնակավայրում կառուցում է երկրորդ ռազմաբազան։ Կառուցման համար բնակավայր են բերվել մոտ 60 զրահամեքենա և ինժեներական մեքենաներ։
Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով բնակավայրում իր աղբյուրներին։ Նշվում է, որ ԱՄՆ-ն «այս ռազմաբազան կառուցում է տարածքի նավթահանքերին ավելի մոտ լինելու և Սիրիայի կառավարությանը պատկանող ռեսուրսները գողանալու նպատակով»։
Նշենք, որ Հասաքա նահանգում սա ամերիկյան երկրորդ բազան է։ Ըստ «ՍԱՆԱ»-ի՝ հունվարի վերջին ԱՄՆ-ն նոր ռազմաբազա է կառուցել նաև նահանգի Ալ-Յարուբիա բնակավայրի մոտակայքում։
Նշենք, որ ամերիկյան նավթահանքերի մոտ ռազմաբազաներ կառուցելը Պենտագոնը մեկնաբանում է որպես դրանք «Իսլամական պետության» ահաբեկիչներից պաշտպանելու միջոց։
Իսկ նախօրեին Սիրիայի իրավիճակի կարգավորման շուրջ Սոչիում կայացած «Աստանայի ձևաչափով» հանդիպումից հետո համատեղ հայտարարություն եղավ այն մասին, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը դատապարտում են սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Դրանք պատկանում են միայն Սիրիայի Արաբական Հանրապետությանը։