Սիրիայում իշխանությունը բանակցել է արաբա-քրդական 2 խմբավորման հետ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկրի կառավարության ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու ընդդիմադիր զինված խմբավորման անդամների հետ։ Խոսքը քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և հիմնականում Սիրիայի հյուսիսում գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման մասին է։ Քննարկվել է նաև գերիների փոխանակման հարցը։

Այս մասին գրում է մերձավորարևելյան թեմաներով զբաղվող ռուս փորձագետ Ալեքսեյ Խլեբնիկովը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպումը կայացել է Ռուսաստանի հովանավորությամբ։

Բանակցությունների արդյունքում կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել գերիների փոխանակման, ինչպես նաև այն վայրերում կառավարման շուրջ, որտեղ երկու կողմն էլ ներկայություն ունեն։

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ իշխանական ներկայացուցիչները մի քանի պայման են առաջադրել խմբավորմանը․

  • Եփրատի արևելքում իր վերահսկողության մեծացում;
  • նավթային տարածքներ;
  • ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում։

Ըստ Խլեբնիկովի՝ քրդերը կարող են բավարարել այս պայմանները՝ փոխարենն ակնկալելով ինքնավարության օրինականացում և Սիրիայի բանակի կազմում SDF-ն պահպանելու կարգավիճակ։

Շուտով SDF ավելի մեծ պատվիրակությունն, ըստ Խլեբնիկովի, կրկին լինելու է Դամասկոսում՝ բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ SDF-ի ու կառավարության միջև համագործակցություն եղավ 2019–ի վերջին, երբ Թուրքիան նոր ռազմագործողություն էր սկսել Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ, իսկ ԱՄՆ-ն, որը մինչ այդ աջակցում էր քրդերին, հայտարարել էր, որ չի պատրաստվում խոչընդոտել թուրքերին։

Սիրիայի բանակի և SDF միջև համաձայնությամբ՝ կառավարական ուժերը մտել էին քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ թուրքական հարձակմանը միասին դիմագրավելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *